Ֆորմուլա 1-ը ի ցույց կդնի Ադրբեջանի պերճանքն ու թշվառությունը
Քաղաքական
14:22 17/06/2016
Տարածաշրջան

Ֆորմուլա 1-ը ի ցույց կդնի Ադրբեջանի պերճանքն ու թշվառությունը

Նավթի գների՝ արդեն պատմության գիրկն անցած բումի տարիներին Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց ոչ միայն կուտակել անձական մեծ հարստություն և զինել ոստիկանությունը և բանակը՝ ռեժիմի պահպանման նպատակով, այլև երկրում անցկացնել մի քանի միջազգային մրցաշարեր՝ բարձր հարկերի և բռնաճնշումների տակ ճգնող ժողովրդի համար ապահովելով քիչ հաց և շատ հետաքրքիր կրկես: Շուրջ $4.8մլրդ ռազմական բյուջեի մասին ամեն ամբիոնում հայտարարող ադրբեջանական բանակը՝ անհամարժեք մեծ զոհերի գնով քառօրյա պատերազմի ընթացքում կարողացավ գրավել մեկ բլուր և ապա խնդրել հրադադար:

Նավթային բարձր եկամուտների տարիներին Ադրբեջանը ոչ միայն հեշտությամբ գնում էր սեփական օգտագործման ԵԽԽՎ պատգամավորների, այլև հյուրընկալում էր միջազգային իրադարձություններ՝ հույս ունենալով, որ դա կնպաստի երկրի և իշխանությունները ներքին և արտաքին իմիջի բարելավմանը:

Ինչպես երևում է Ազատություն ռադիոկայանի պատրաստած գրաֆիկից, 2012-ին Եվրատեսիլի համար Ադրբեջանը ծախսել էր $721մլն, 2015-ի Եվրոպական խաղերի համար՝ $1.2մլրդ, իսկ այժմ Ֆորմուլա 1-ի անցկացման համար՝ արդեն ծախսվել է $230մլն, ընդ որում գալիք երեք տարիներին մրցաշարի անցկացումից հրաժարվելու համար Բաքուն ստիպված կլինի վճարել գրեթե նույնքան տուգանքներ:

Այդ իրադարձությունների ընթացքում հաջողվում էր գրեթե ամեն ինչ՝ բացի դիկտատորի գավառամտությունը կոծկելուց:

2015-ի Եվրոպական խաղերի ընթացքում ադրբեջանական պետական պրոպագանդան անհաջող փորձ էր արել տեղաբնակներից գտնել անգլիացի և գերմանացի տուրիստ, որպեսզի նրանք պատմեին իրենց վառ տպավորությունների մասին: Երկու դեպքում էլ մի քանի ժամ անց համացանցում սկսվել էր մեծ խինդ ու ուրախություն:

Նավթային ռեժիմները ունեն մի շարք ընդհանրություններ՝ բացի մարդու իրավունքների նկատմամբ տարրական հարգանքի բացակայությունից և ընդդիմախոսներին բանտարկելու սովորությունից:

Նավթի արտահանումից կախված երկրները երբեք չեն հրապարակում ստացված եկամուտների ծավալը, նավթային հիմնադրամը գտնվում է դիկտատորի ուղղակի կամ անուղղակի վերահսկողության ներքո, և նա միշտ փնտրում և գտնում է արտաքին թշնամիներ` իր ռեժիմի լեգիտիմության հարցը լուծելու համար:

«Ուզում ես շեղել բոլորի ուշադրությունը քո բռնաճնշումներից, հյուրընկալիր Ֆորմուլա 1-ի մրցաշար» - գրել է Human Rights Watch կազմակերպության գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը:

Բայց ինչպես տեսանք Լիբիայի պարագայում, նույնիսկ անսահման իշխանությամբ օժտված և Եվրոպայում ու Միացյալ Նահանգներում ազդեցիկ բարեկամներ ունեցող դիկտատորներն են արագ զրկվում թե՛ բարեկամներից, թե՛ կյանքից: Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի և մի շարք այլ պատճառներով Ալիևը և նրա ընտանիքը գտնվում են Եվրոպայից և ԱՄՆ-ից կախյալ վիճակում:

Եթե Ալիևը օգտագործում է մեծ միջազգային միջոցառումները սեփական իմիջի բարելավման նպատակով, Արևմուտնքն էլ բաց չի թողնում պատեհ առիթը՝ նրան իր իսկական տեղը հիշեցնելու համար: Բոլորս ենք հիշում, թե ինչպես էր 2012-ին Բաքվում անցկացվող Եվրատեսիլի ժամանակ գերմանական, ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական և նույնիսկ սկանդինավյան երկրների մամուլը հեղեղված Ադրբեջանում մարդու իրավունքների, ոստիկանական բռնությունների, բանտարկված ակտիվիստների և իշխանությունների գավառամտության մասին այն լրագրողների տպավորություններով, ովքեր ի սկզբանե Բաքու էին ժամանել միայն երաժշտական միջոցառումը լուսաբանելու համար:

Կասկածից վեր է, որ Ֆորմուլա 1-ի մրցաշարը կդառնա հերթական խոշորացույցը, որով կրկին անգամ կերևա Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի միահեծան իշխանության տակ գտնվող երկրի պերճանքն ու թշվառությունը:


Միջազգային իրավապաշտպան կառույցները արդեն իսկ սկսել են այս մրցարշավը օգտագործել այդ երկրում մարդու իրավունքների սարսափելի վիճակի մասին միջազգային հանրությանը հիշեցնելու համար:


Միջազգային մամուլում քննադատական հրապարակումները արդեն սկսվում են…


ԱՄՆ հայկական կազմակերպությունները նույնպես սկսել են իրենց արշավը՝ մեղադրելով Ֆորմուլա 1-ի կազմակերպիչներին Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ լուռ մնալու և Իլհամ Ալիևի վարչակազմին պաշտպանելու համար:


Վերջերս բանտից ազատված հայտնի հետաքքնող լրագրող Խադիջա Իսմայիլովային էլ զայրացրել է Ֆորմուլա 1-ի տնօրենի այն հայտարարությունը, թե իրենք «մաքուր խղճով» են սկսում մրցաշարը:



Եվ սա դեռ սկիզբն է…

 

Հեղինակ՝ Ասատուր Սարգսյան

Placeholder
Ֆորմուլա 1-ը ի ցույց կդնի Ադրբեջանի պերճանքն ու թշվառությունը