Սիրիահայ Շանթ Խայալյանն իր արտադրանքի նմուշներն ուղարկել է Ռուսաստան
Տնտեսություն
15:26 18/06/2016
Հայաստան

Սիրիահայ Շանթ Խայալյանն իր արտադրանքի նմուշներն ուղարկել է Ռուսաստան

Սիրիահայ Շանթ Խայալյանը 2013-ին տեղափոխվել է Հայաստան, 2014-ից սկսել է արտադրել օճառներ, շամպույններ, յուղեր՝ առանց  որևէ հավելյալ քիմիական տարրերի:  Անհրաժեշտ հումքը ձեռք է բերում Հայաստանից, բացի կոկոսի յուղից: Վաճառում է առ-ցանց, նաև դեղատներում կարելի է գտնել: Շանթը Սիրիայում այլ աշխատանք է ունեցել, իսկ յուղեր, օճոռներ, շամպույններ պատրաստելը եղել է ընդամենը հոբբի:

«Ընտանիքով տեղափոխվեցի Հայաստան: Վարձով եմ ապրում, արտադրամասն էլ վարձով է, վարկ էլ ունեմ: Փորձում եմ առաջ գնալ շուկայում, ամրանալ: Առաջին շրջանում դժվար էր, հիմա գործն առաջ է գնում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Շանթ Խայալյանը:

Նա իր արտադրանքը ներկայացել է Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում կազմակերպված ցուցահանդես-վաճառքում:

Շ. Խայալյան նշեց, որ արդեն իր արտադրանքի նմուշներն ուղարկել է Ռուսաստան՝ կոսմետիկայով զբաղվող կազմակերությանը, եթե ամեն ինչ հաջողի՝ «Հայաստանից մեկ սանտիմետր այն կողմ չեմ գնա»:

Մեկ ամսից Շանթին կիմանան նաև այժմ Քեսաբում բնակվող հայրն ու մայրը: Մեծ քույրը ցանկանում է գնալ Կանադա, փոքր քույրը բնակվում է Քեսաբում:

«Բոլոր ընկերներս զոհվել են: Մի ընկեր ունեմ հիմա Հալեպում: Ասում է՝ չեմ ուզում գալ, ամեն ինչ պետք է զրոյից սկսել, լեզու չգիտեմ, մտածելակերպն է տարբեր, Հայաստանի շուկան է մի քիչ փոքր: Հարցեր շատ կան, մարդիկ ռիսկ չեն անում»,- ասաց Շանթ Խայալյանը:

Հալեպահայ Վերժին Դունգյանը մեկ տարի երկու ամիս է, ինչ տեղափոխվել է Հայաստան: Նա ցուցահանդես-վաճառում ներկայացրել է իր ձեռագործ աշխատանքները՝ արված հայկական ն ձեռագործության ավանդույթներով: Նա իր ընտանիքի հետ ապրում է վարձով:

«Այստեղ գործերն այնքան էլ հաջող չէ, գումար չկա: Հարսս, տղաս, թոռնիկս աշխատում են, հազիվ օրվա ծախսեր ենք անում: Բայց գոհ ենք, որ գոնե վախենալու ձայներից հեռու ենք»,- ասաց տիկին Վերժինեն:

Նա պատմեց, որ Հալեպում իրենց տունը մասամբ քանդված է, տան հարևանությամբ ընկած  ռումբից  կոտրվել  էին ապակիները, կիսաքանդ վիճակում էին պատերը, պահարանները: Սիրիայում բնակվող ազգականները, ըստ նրա, դեռևս տարբեր պատճառներով շարունակում են մնալ այնտեղ:

«Կամքից անկախ այնտեղ կմնան, բայց, անշուշտ ցանկանում են գալ»,- ասաց Վերժին Դունգյանը:

Placeholder
Սիրիահայ Շանթ Խայալյանն իր արտադրանքի նմուշներն ուղարկել է Ռուսաստան