«Հանդիպումը կառուցողական մթնոլորտում էր». Նալբանդյանը՝  Սարգսյան-Ալիև հանդիպման մասին
Քաղաքական
21:32 20/06/2016

«Հանդիպումը կառուցողական մթնոլորտում էր». Նալբանդյանը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

«Այսօրվա հանդիպումը բավական օգտակար էր, և, որոշ զգուշավորությամբ, կարող եմ ասել՝  կառուցողական մթնոլորտում էր: Որոշ հարցերի շուրջ նախագահներն ըմբռնման եկան, որ եթե այդ հարցերի շուրջ պայմանավորվածություն լինի, ապա հնարավոր կլինի բանակցային գործընթացն առաջ շարժել դեպի հիմնախնդիր կարգավորման առաջընթացի: Այս մասին նշված է նաև նախագահների կողմից արված հայտարարության մեջ»,-այս մասին Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳ նախարարի փոխանցմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումները ինչպես երկու երկրների նախագահների, այնպես էլ ԱԳ նախարարների մակարդակով:

«Այս ողջ գործընթացն ընթանալու է ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների  ձևաչափով»,-հավելեց Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Սանկտ Պետերբուրգում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի ավարտին նախագահները համատեղ հայտարարությամբ հանդես եկան:

Placeholder
«Հանդիպումը կառուցողական մթնոլորտում էր». Նալբանդյանը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին