«Ոսկե ծիրան». Միջազգային խաղարկային մրցույթի համար բավականին դժվարությամբ են ֆիլմեր ընտրվել
Մշակույթ
12:55 22/06/2016
Հայաստան

«Ոսկե ծիրան». Միջազգային խաղարկային մրցույթի համար բավականին դժվարությամբ են ֆիլմեր ընտրվել

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում 900 հայտից ընտրված 43 ֆիլմ պայքարելու է երեք մրցութային ծրագրում, որից 12-ը Միջազգային խաղարկային մրցույթում, 15-ը՝ Միջազգային վավերագրական մրցույթում, 16-ը՝ Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում: Մրցութային ֆիլմերի աշխարհագրությունն այս տարի ընդգրկում է 37 երկիր:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանն ասաց, որ  Միջազգային խաղարկային մրցույթի համար բավականին դժվարությամբ են ֆիլմեր ընտրել, քանի որ շատ են եղել լավ ֆիլմերը:

«Երբեմն մեր հանձնաժողովում կատաղի վեճեր էին տեղի ունենում: Հանձնաժողովում տարբեր սերունդների ներկայացուցիչներ են ընդգրկված: Բնական է, որ ճաշակների բախում է տեղի ունենում»,- ասաց նա:

Մ. Ստամբուլցյանի խոսքով,  ծրագրում ընդգրված են նաև կին ռեժիսորների շատ հետաքրքիր ֆիլմեր. «Համաշխարհային կինոյում հետաքրքիր տենդենց կա՝ կին ռեժիսորները սկսել են հետաքրքիր աշխատել»:

Ըստ նրա, իրենք ցանկանում են, որ փառատոնի շրջանակում անպայման ներկայացվեն տարածաշրջանային երկրների արտադրության ֆիլմեր: Ըստ նրա, հետաքրքիր ծրագիր են կազմել, բայց պետք է հանդիսատեսն ասի՝ թե ինչքանով է իրենց համար հետաքրքիր:

Փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանն ասաց, որ  ի տարբերություն խաղարկային ֆիլմերի, ներկայացված վավերագրական ֆիլմերը տխուր տպավորություն են թողնել: Ըստ նրա, հիմա վավերագրական ֆիլմերը շատ են մոտենում խաղարկայինին:

«Ընտրել ենք այն լավագույնը, ինչ տեսանք այդ ֆիլմերի մեջ: Կան ֆիլմեր, որոնք արդեն բազմաթիվ մրցանակների են արժանացել, կան ֆիլմեր, որոնց առաջին ցուցադրություններից է»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ վավերագրական կինոյի սիրահարների համար պետք է որ լավ ծրագիր կազմած լինեն:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը: Փառատոնը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին:

Placeholder
«Ոսկե ծիրան». Միջազգային խաղարկային մրցույթի համար բավականին դժվարությամբ են ֆիլմեր ընտրվել