WSJ. Պապի այցը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կարող է սրել Վատիկանի և Անկարայի հարաբերությունները
Քաղաքական
12:31 23/06/2016
Հայաստան

WSJ. Պապի այցը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կարող է սրել Վատիկանի և Անկարայի հարաբերությունները

Ուրբաթ օրը եռօրյա այցով Ֆրանցիսկոս պապը կլինի Հայաստանում, որտեղ այցելելու է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ինչը կարող է սրել Վատիկանի և Անկարայի հարաբերությունները: Անդրադառնալով Հռոմի պապի՝ Հայաստան կատարելիք այցին, գրում է The Wall Street Journal պարբերականը: 

Պարբերականը նկատում է, որ պապի այցը հաջորդում է Ղարաբաղում ապրիլյան սրացումներին, իսկ կարևոր հարցերից մեկն էլ այն է, թե արդյոք Ծիծեռնակարբերդ այցելության ընթացքում պապը կկրկնի անցած տարի բարձրաձայնած 20-րդ դարի առաջին Ցեղասպանության մասին իր խոսքերը:

«Սուրբ Հովհաննես Պողոս 2-րդը նույնպես օգտագործել է «ցեղասպանություն» բառը 2001 թվականին Հայաստան այցի ժամանակ՝ Գարեգին 2-րդ կաթողիկոսի հետ համատեղ հայտարարությունում: Բայց Ֆրանցիսկոս պապն էլ ավելի հեռուն գնաց՝ ցեղասպանությունն անվանելով 20-րդ դարում երեք մեծ և աննախադեպ ողբերգություններից մեկը՝ այն դիտարկելով Հոլոքոստի և 1932-33 թթ-ին Ուկրաինայում և Խորհրդային միության այլ հատվածներում հարկադրական սովամահության դեպքերի կողքին»,- գրում է պարբերականը:

Շարունակելով՝ պարբերականը գրում է, որ Ֆրանցիսկոս պապը միշտ էլ բարձրաձայնել է քրիստոնյաների հալածանքների մասին, հատկապես մեր օրերում և մասնավորապես մուսուլմանական երկրներում: Այս ամենն, ըստ պարբերականի, առիթ է դարձել, որ Պապը միշտ խոսի քրիստոնեական եկեղեցիների միասնականության մասին:

«Կիրակի օրը Հայաստանից մեկնելուց առաջ Ֆրանցիսկոս պապն աղոթելու է Խոր Վիրապ վանական համալիրում, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում և որտեղից տեսանելի է Արարատ լեռը: Պապն ընդամենը 15 րոպե հեռավորության վրա կլինի թուրքական սահմանից, որը պաշտոնապես փակ է: Սահման այցելություն, որպես այդպիսին, օրակարգում չկա, բայց նման քայլը հատկանշական կլինի Պապի դեպքում, ով սիրում է զարմացնել մարդկանց: 2014 թվականին Սուրբ Երկիր այցելության ժամանակ Ֆրանցիսկոս պապը չնախատեսված կանգառ կատարեց Արևմտյան ափին՝ Իսրայելի բաժանիչ արգելապատի մոտ աղոթելու համար:

Եթե Ֆրանցիսկոս պապը, այնուամենայնիվ, գնա Թուրքիայի հետ սահման, ապա այդ քայլը կհայտնվի միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ինչպես որ եղել էր 2016 թվականի փետրվարին, երբ Մեքսիկա այցելության ժամանակ նա կանգնել էր ԱՄՆ-ի հետ սահմանին և աղոթել ներգաղթյալների համար, ովքեր զոհվել էին Ռիո Գրանդեն անցնելիս»,- գրում է պարբերականը:

Placeholder
WSJ. Պապի այցը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կարող է սրել Վատիկանի և Անկարայի հարաբերությունները