Տնտեսագետ. Կարծում եմ, աշնանը Հարկային նոր օրենսգրքի վերաբերյալ դժգոհության գործողություններ կլինեն
Տնտեսություն
09:16 22/06/2016
Հայաստան

Տնտեսագետ. Կարծում եմ, աշնանը Հարկային նոր օրենսգրքի վերաբերյալ դժգոհության գործողություններ կլինեն

Հարկային նոր օրենսգրքի նախագծի  այս տեսքով ընդունումը կբերի մարդկանց ավելի աղքատացման, ստվերի ավելացման, գների  բարձրացման: Panorama.am-ի հետ զրույցում նման հնարավոր հետևանքներ մատնանշեց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:

Panorama.am- Հարկային նոր օրենսգրքի վերաբերյալ բազմաթիվ դժգոհություններ հնչեցին: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը:
Տնտեսագետ- Ընդհանուր առմամբ Հարկային օրենսգիրքը՝ որպես իրավական-տնտեսական փաստաթուղթ բավականին ողջունելի է, քանի որ Հայաստանում դրա անհրաժեշտությունը վաղուց կար: Տասնյակից ավելի հարկատեսակների պարագայում առանձին օրենքներով բավականին բարդ էր աշխատելը, երբեմն հակասություններ ու խնդիրներ էին առաջանում: Այս պարագայում ողջ օրենսդրությունը մեկ օրենսգրքում միավորելը կարևոր քայլ է:

Բովանդակային առումով, ընդամենը գործող հարկատեսակների միավորում է տեղի ունեցել, ավելի շատ copy paste է արված, որակական փոփոխություններ, ցավոք սրտի, չկան: Մինչդեռ մի շարք հարկատեսակների առումով արմատական փոփոխությունների կարիք կա Հայաստանում, ընդ որում մի քանի հարկատեսակներից էլ պետք է ընդհանրապես հրաժարվել, դրանք փոխարինելով ուրիշներով:

Ունենալ մոտ երկու տասնյակ հարկատեսակ նման փոքր տնտեսության համար բավականին խնդիրներ է առաջացնում ու ոչ գրավիչ միջավայր ստեղծում գործարարությամբ զբաղվելու համար: Մասնավորապես, փոքր բիզնեսի համար արտոնագրային վճարների ինստիտուտը, կարծում եմ, արդեն իր արդիականությունը կորցրել է: Ընդ որում արտոնագրային վճարի պարագայում, ի տարբերություն մյուս հարկատեսակների,  փոքր բիզնեսի ներկայացուցիչները պարտավոր են վճարել մինչև բիզնես գործունեություն սկսելը: Սա լուրջ խնդիրներ է առաջացնում փոքր բիզնեսի համար, քանի որ հարկերը ծախսերի զգալի մասն են կազմում:

Արտոնագրային վճարը նպատակահարմար է փոխարինել շրջանառության հարկով:
Համեմատության համար նշեմ, որ Վրաստանն ու Մերձբալթյան երկրները ընդամենը 5-6 հարկատեսակ ունեն, և բավականին պարզ մեխանիզմով հնարավորություն է ստեղծվում ամբողջ տնտեսությունը զարգացնել, իսկ մեզ մոտ 90-ականներից սկսած շարունակում են ավելացնել հարկատեսակները՝ պահպանելով արդեն եղածները:

Panorama.am- Հարկային նոր օրենսգրքով առաջարկվող փոփոխություններից կարծես դժգոհ են բոլորը՝ խոշոր տնտեսվարողները, բանկերը, նաև փոքր և միջին ձեռնարկատերերը: Արդարացվա՞ծ է նրանց բողոքը:
Տնտեսագետ- Փոքր բիզնեսի համար խնդիր է առաջացնում շրջանառության հարկի շեմի իջեցումը՝ գործող տարեկան 115 մլն դրամի փոխարեն առաջարկվում է 40 մլն դրամ: Այսինքն, դրանից ավելի շրջանառություն ունեցող ընկերությունները պետք է սկսեն աշխատել ընդհանուր հարկման դաշտում՝ վճարելով ավելացված արժեքի հարկ և շահութահարկ: Տարբերությունը բավականին մեծ է՝ այդ շեմը երեք անգամ նվազեցնելը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել փոքր բիզնեսի մոտ: Կառավարությունը հիմնավորում է, թե խոշոր բիզնեսը փորձում է սողոսկել ու տեղավորվել գործող շեմի՝ 115 մլն-ի ներքո:

Փոխարեն նորմալ վարչարարությամբ կարողանան վերահսկել խոշոր բիզնեսին, արհեստական ինչ-որ գործիքներով վնասում են բարեխիղճ տնտեսվարողներին: Իհարկե, սա լուրջ խնդիրներ կառաջացնի: Տնտեսության այսօրվա պասիվացման պայմաններում նշված փոփոխության հետևանքով փոքր բիզնեսի մոտ հարկերի մասնաբաժինը բավականին կմեծանա:   Դժգոհությունը միաժամանակ տեղին է: Հաշվի առնելով տնտեսական ճգնաժամն ու առաջիկա տարիների բացասական սպասումները, ընդհակառակը, պետք էր փոքր բիզնեսի համար լրացուցիչ բարենպաստ պայմաններ ստեղծել:

Panorama.am-Անցած տարի հենց այս օրերին էր, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիա էր իրականացվում՝ «Էլետրիկ Երևան»-ի մասին է խոսքը: Ինչո՞ւ ձեռներեցներն ու գործարարները փողոց դուրս չեն գալիս:
Տնտեսագետ- Մի քանի շերտերում դժգոհություններն արդեն նկատվում են: Օրինակ, միջին խավի համար էլ խնդրահարույց է եկամտային հարկի դրույքաչափի առաջարկվող փոփոխությունը: Հաշվի առնենք, որ օրենսգրքի հիմնական քննարկումները տեղի ունեցան արտահերթ ռեժիմով, 1-2 օրում այս հսկայածավալ փաստաթուղթն առաջին ընթերցմամբ ընդունվեց, նույնիսկ առանց նորմալ քննարկելու: Կարծում եմ, աշնանը դժգոհության գործողություններ կլինեն: Այստեղ խնդիրն այն է, որ օրենսգիրքը մի քանի շերտերի վրա բացասական ազդեցություն է ունենում, էլեկտրաէներգիայի թանկացման պարագայում տուժող շերտերն ավելի շատ էին: Ամեն դեպքում, կարծում եմ, աշնանը, երբ երկրորդ ընթերցմամբ քննարկվի, դժգոհություններ կլինեն:

Panorama.am -Ինչ եք կարծում, Ազգային Ժողովը կգնա՞ օրենսգիրքն այս տեսքով ընդունելու քայլին:
Տնտեսագետ -Կարծում եմ, տեղի կունենա այն, ինչ եղավ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, տրանսպորտի թանկացման, կուտակային կենսաթոշակի համակարգի ներդրման պարագայում: Իշխանության հերթական հնարքներից է, երբ նա ի սկզբանե նախատեսում է որոշակի զիջումներ, քաղհասարակությանը մղում են պայքարի, արդյունքում իրականացնում են զիջումներ՝ դրանով տպավորություն ստեղծելով, որ իշխանությունը լսում է ընդդիմությանն ու հասարակությանը: Կանխատեսում եմ, որ պայքարի արդյունքում, այն հարկատեսակները, որոնց մասով ավելացում է կանխատեսել, որոշ չափով զիջումներ կիրականացնի: Տնտեսվարողները «հաղթանակ» կտոնեն, բայց կունենանք ավելի բարձր հարկեր, քան ունենք այս պահին:

Panorama.am -Նախընտրական տարում ինչո՞ւ կառավարությունը որոշեց գնալ այդ քայլին:
Տնտեսագետ- Հիմնական խնդիրը բյուջետային արդեն տեղի ունեցող ճգնաժամն է: 2015-ին արձանագրվեց 240 մլդր դրամ դեֆիցիտ, որը կազմում է ՀՆԱ-ի 5 տոկոսը: Սա աննախադեպ մեծ թիվ է Հայաստանի ողջ պատմության ընթացքում: Այս տարվա բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է 190.7 մլրդ դրամ:

Ստեղծված իրավիճակում կառավարությունը կատարում է  կտրուկ քայլերի:  Հարկերի բարձրացմամբ փորձում է բյուջետային ճգնաժամը հաղաթահարել՝ փորձելով ավելի շատ հարկեր հավաքելով իրականացնել բյուջեի սպասարկումը: Վերջին ամիսներին կոռուպցիայի դեմ պայքարի, պետական ծախսերի խնայողությունների վերաբերյալ հայտարարություններն ավելի շատ պայմանավորված են բյուջետային դեֆիցիտի խնդրով: Կառավարությունը տեսնում է, որ առկա եկամուտներով հնարավորություն չունի բյուջետային նման ծախսեր իրականացնել, որոշ չափով կրճատում է ծախսերը, բարձրացնում հարկերը:

Ես կարծում եմ, որ հարկերի բարձրացումը տնտեսության լրացուցիչ պասիվացում կբերեի, հնարավոր է ընդհանրապես ավել հարկեր չհավաքագրվեն: Որոշ քաղաքական գործիչներ, այս փաստաթուղթը համարում են տնտեսության կործանում, ես այնքան էլ համաձայն չեմ այդ տեսակետին, նախ պետք է ունենանք տնտեսություն, որ կործանվի:
Ամեն դեպքում, եթե օրենսգիրքն այս տեսքով ընդունվի,  մարդիկ ավելի են աղքատանալու, փոքր ձեռնարկությունները կփորձեն խուսափել ընդահանուր հարկման դաշտից, ինչի հետևանքով ստվերը կավելանա, ակցիզային հարկի բարձրացումն էլ կբերի գնաճի:

Placeholder
Տնտեսագետ. Կարծում եմ, աշնանը Հարկային նոր օրենսգրքի վերաբերյալ դժգոհության գործողություններ կլինեն