«Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերային ներկա կլինի ստեղծագործական և դերասանական կազմը՝ տարբեր երկրներից
Մշակույթ
13:29 26/06/2016

«Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերային ներկա կլինի ստեղծագործական և դերասանական կազմը՝ տարբեր երկրներից

«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանականերում կկայանա Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, որն ընդգրկված է կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում։ Պրեմիերային ներկա կլինի ստեղծագործական և դերասանական կազմը, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Այս մասին տեղեկանում ենք ֆիլմի մասին պատմող ֆեյսբուքյան էջից:

Դերասաններից Հայաստան կժամանի համաշխարհային ճանաչում ունեցող Հոմայուն Էրշադին` Իրանից, ով   ֆիլմում մարմնավորել է Իբրահիմի կերպարը: «Ոսկե ծիրան»  կինոփառատոնում դերասանն ընդգրկված է միջազգային ժյուրիի կազմում:

Հիշեցնենք, որ Հոմայուն Էրշադին առավել հայտնի է Աբաս Քիառոստամիի «Բալի համը» ֆիլմից: Ֆիլմը Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին։ Էրշադիի դեբյուտային գործը Բաբայի դերն է «Քամու ետևից վազողը» ֆիլմում:

«Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում՝ 5 երկրների համատեղ արտադրությամբ։ Ֆիլմում մասնակցություն են ունեցել դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Հայաստանից։

Հայկական գյուղի տեղահանությունից հետո ծննդավայրում մնացած միակ հայ բնակչի մասին լիամետրաժ խաղարկային ֆիլմը ստեղծվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա:  Ֆիլմի սցենարի հեղինակը Մասիս Բաղդասարյանն է: Երաժշտության հեղինակը Սերժ Թանկյանն է: Երաժշտությունը կատարում են «Հովեր» կամերային երգչախումբը և ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Նկարահանումները կատարվել են Արցախում` ռեժիսորի հայրական Խաչմաչ գյուղում:

 

Placeholder
«Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերային ներկա կլինի ստեղծագործական և դերասանական կազմը՝ տարբեր երկրներից