Գերմանիայում բուժվող զինծառայողը սկսել է խոսել, բայց՝ կարոտում է Հայաստանը
Առողջություն
11:09 26/06/2016
Հայաստան

Գերմանիայում բուժվող զինծառայողը սկսել է խոսել, բայց՝ կարոտում է Հայաստանը

Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ողնաշարային ծանր վիրավորում ստացած և այժմ Գերմանիայում վերականգնողական բուժում ստացող Ռուբեն Առաքելյանը իրեն լավ է զգում, սկսել է խոսել, բայց մի քիչ կարոտում է Հայաստանը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Ռուբենի Մորաքույրը՝ Նարինե Թումանյանը, որը իր խոսքով, ամեն օր շփման մեջ է նրանց հետ:

Ռուբենը գերմանական Բոնն մեկնել է մայրիկի՝ Անահիտի հետ: Այնտեղ Բոննի համալսարանական կլինիկայի հետ բուժում ստանալու եռամսյա պայմանագիր ունեն կնքած, բուժման արդեն 11-րդ օրն է, բայց ակնհայտ առաջընթաց, մորաքրոջ խոսքով, դեռ չկա:

«Լուրջ առանջընթաց չկա, նրա ուսագլխից ներքև ոչ շարժվում է և ոչ էլ զգում է, վերջույթները չի կարողանում աշխատեցնել, բայց օրինակ երեկ, իր հեռախոսով կարողացել է զանգել ինձ: Ասաց՝ ինքն է զանգել: Երեկ սայլակով հանել էին դուրս: Տրամադրությունը փոփոխական է՝ ուղղակի օտարության մեջ լավ չի զգում իրեն, կարոտում է Հայաստանը», -փոխանցեց մորաքույրը:

Ռուբենի կոկորդում դրված խողովակը դեռ կա, բայց այնպես է տեղադրված, որ արդեն սկսել է խոսել:

«Շուտով դա էլ կհանեն», -նշեց Նարինեն:

Տրամադրության անկմանը զուգահեռ, տիկին Նարինեի փոխանցմամբ, կա նաև ախորժակի խնդիր:

«Սկսել է քիչ ուտել, այնտեղ բուժքույրերը մի քիչ սառն են, այստեղի մայրապետերը շատ հոգատար էին: Այնտեղ այսպես են մտածում՝ կուտես, կուտես, չէ՝ չէ: Ես խոնարհվում եմ այստեղի բուժքույրերի առաջ, շատ հոգատար էին, համոզում էին ուտել: Իսկ այնտեղ նման բան չկա», -նկատեց Ռուբենի մորաքույրը՝ ընդգծելով, որ Ռուբենը կինտեգրվի դրան, քանի որ երկար ճանապարհ ունի անցնելու:

Placeholder
Գերմանիայում բուժվող զինծառայողը սկսել է խոսել, բայց՝ կարոտում է Հայաստանը