Մ. Սարյանի տուն-թանգարանում ընթանում են ցուցադրության կազմակերպման աշխատանքներ
Մշակույթ
09:03 27/06/2016
Հայաստան

Մ. Սարյանի տուն-թանգարանում ընթանում են ցուցադրության կազմակերպման աշխատանքներ

Մ. Սարյանի տուն-թանգարանում սկսվել են նոր ցուցադրության կազմակերպման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք՝ 2013 թ. մայիսի 1-ից Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը չի գործում. մշակութային օջախը հիմնանորոգվում է: Մ. Սարյան տուն-թանգարանի ամբողջ հավաքածուն, թանգարանի շենքի հիմնարար վերանորոգման աշխատանքների հետ կապված, հանձնված է Մատենադարանին ի պահպանություն: 
Ավելի վաղ Panorama.am-ին  Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը տեղեկացրել էր, որ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը հիմնանորոգումից հետո վերաբացվելու է այս տարվա սեպտեմբերին:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք: Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին: Մ. Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով: Դեպի փողոց դուրս եկող ճակատամասի վերին հատվածի խճանկարը, Մ. Սարյանի էսքիզով, կատարել է հայտնի նկարիչ Գագիկ Սմբատյանը:

Լուսանկարները՝ Մ.Սարյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից: 


 

Placeholder
Մ. Սարյանի տուն-թանգարանում ընթանում են ցուցադրության կազմակերպման աշխատանքներ