Ռազմական ավիացիան պատրաստ է կատարել իր առջև դրված ցանկացած խնդիր. Թևոս Իլիկչյան
Քաղաքական
16:36 27/06/2016
Հայաստան

Ռազմական ավիացիան պատրաստ է կատարել իր առջև դրված ցանկացած խնդիր. Թևոս Իլիկչյան

Ռազմական ավիացիան պատրաստ է կատարել իր առջև դրված ցանկացած խնդիր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ Ավիացիայի վարչության որոնողափրկարարական և պարաշյուտադեսանտային ծառայության պետ գնդապետ Թևոս Իլիկչյանը:

Նշենք, որ հունիսի 26-ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում  նշվում է որպես ռազմաօդային ուժերի օր: Ռազմական ավիացիան ազգային բանակի կազմում ստեղծված առաջին զորատեսակներից է։ ՀՀ ԶՈւ ռազմաօդային ստորաբաժանումները կազմավորվել են հայրենիքի սահմաններում ընթացող պաշտպանական մարտական գործողություններին զուգընթաց: 

Թևոս Իլիկչյանի խոսքերով՝ բանակաշինությանը զուգընթաց, իրականացվել են ԶՈւ ռազմաօդային ուժերի զարգացման ու կատարելագործման բազմաբնույթ ծրագրեր:

«Իհարկե քանակի տեսանկյունից համեմատելի չէ մեր հարևանների հետ, բայց միշտ չէ, որ քանակությունը դեր է տանում: Փոքր ուժերով միշտ պետք է կարողանալ  մեծ խնդիրներ լուծել, և այսօր պատրաստ ենք կատարելու այդ խնդիրները»,-ասաց Թևոս Իլիկչյանը:

Անդրադառնալով ապրիլյան իրադարձություններին`  նշեց, որ տրանսպորտային ուղղաթիռները բավական արդյունավետ կատարեցին իրենց առջև դրված խնդիրները, մասնավորապես, տեղափոխել են վիրավոր զինվորների, զենք-զինամթերք:

«Մարդիկ կարծես դա չեն տեսնում, բայց մեր բոլոր տղաները մեծագույն համեստությամբ իրենց գործը կատարեցին: Գրոհային ավիացիային, որը սպասում էր իր հերթին, փառք Աստծո, դրան չհասավ: Չնայած, մեր տղաներն ինքնաթիռներում և ուղղաթիռներում նստած՝ սպասում էին հրամանի»,- ընդգծեց Թևոս Իլիկչյանը:

Պարաշյուտադեսանտային ծառայության մասին էլ խոսեց Թևոս Իլիկչյանի կինը՝ կապիտան Քրիստինա  Իլիկչյանը:

Նրա խոսքերով՝ երբ 1992 թվականից ստեղծվեց հայկական զինված օդուժը, այդ ժամանակվանից նաև սկսեց գործել պարաշյուտադեսանտային ծառայությունը: Թեև սկզբնական շրջանում կային մի շարք դժվարություններ, համապատասխան մասնագետների կարիք կար, սակայն այսօր, ըստ նրա, ծառայության անձնակազմն ընդլայնվել է, տրամադրում են որակյալ ծառայություններ:

Թևոս Իլիկչյանը նշեց, որ Հայաստանն ունի պարաշյուտային շատ լավ դպրոց, որի հիմքը դրվել է 1934թ-ին:

«Մենք ունենք զարգացած  պարաշյուտային դպրոց, սակայն դրա մասին քչերը գիտեն, քանի որ քիչ է մեկնաբանվել»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով կադրերի խնդրին, Թևոս Իլիկչյանն ասաց, որ  Հայաստանի ռազմական ավիացիան կադրեր պատրաստելու խնդիրներ չունի։ Ռազմական ավիացիայի կադրերը համալրվում են  Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարտներով:

«Մենք ունենք բարձրակարգ  մասնագետներ»,- ասաց նա:

Մասնագիտության բերումով էլ ծանոթացել են Թևոս ու Քրիստինա Իլիկչյանները: Սիրահարվել են թռիչքների ընթացքում՝ օդում և մինչև հիմա շարունակվում է նրանց երկրային սերը:

«Կա մի վարժության ձև, երբ օդում գալիս, զույգերով միանում ենք իրար, այդ ժամանակ էլ առաջին անգամ համբուրեցի Քրիստինային և օդում կարողացանք արտահայտել մեր զգացմունքերը»,-  իրենց առաջին համբույրը հիշեց Թևոս  Իլիկչյանը:

Placeholder
Ռազմական ավիացիան պատրաստ է կատարել իր առջև դրված ցանկացած խնդիր. Թևոս Իլիկչյան