Պարզ չէ՝ Կառավարությունն ինչ տարբերակով է նախագիծն  ուղարկել Ազգային ժողով.  Գագիկ Մակարյան
Տնտեսություն
10:34 27/06/2016
Հայաստան

Պարզ չէ՝ Կառավարությունն ինչ տարբերակով է նախագիծն ուղարկել Ազգային ժողով. Գագիկ Մակարյան

Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումներն ընդհանուր առմամբ ընթացել են կառուցողական մթնոլորտում, սակայն պարզ չէ, թե ՀՀ կառավարությունն ինչ տարբերակով է այդ նախագիծն  ուղարկել Ազգային ժողով: Այս մասին Panorama.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, ով ամիսներ շարունակ մասնակցել է Հարկային օրենսգրքի նախագծի  քննարկումներին:

«Անկեղծ ասած, Հարկային օրենսգրքի շուրջ աղմուկն ինձ զարմացրել է, քանի որ այսօր հատկապես դժգոհություն են հայտնում են այն կազմակերպությունները, որոնք մասնակցել են այդ քննարկումներին , հանդես են եկել առաջարկություններով, որոնք ընդունվել են: Այն տարբերակը, որը քննարկումների արդյունքում  ներկայացվեց կառավարություն, մենք դա հավանել էինք: Դրանից հետո` կառավարության ներսում կամ Ազգային ժողովում է ինչ-որ փոփոխություն եղել»,- ասաց Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքերով՝  հետևելով ԱԺ-ում Հարկային օրենսգրքի քննարկումներին, այնպիսի տպավորություն է ստացել, որ որոշ պատգամավորներ չեն կարդացել այդ նախագիծը: «Կարծում եմ, որ որոշ պատգամավորներ հնարավոր է չեն կարդացել  այդ 770 էջը, իրականում դժվար է այդ ամենն ընկալել, քանի որ եթե քննարկումներին չես մասնակցել, ապա պետք է լավ մասնագետ լինես, որ կարողանաս խորությամբ ուսումնասիրել ամեն մի հոդվածը»,- նշեց նա:

Գագիկ Մակարյանը նշեց, որ ժամանակի սղության պատճառով ինքը ևս դեռ չի ծանոթացել ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային օրենսգրքի հետ: Ըստ նրա՝ դա ժամանակատար է, քանի որ պետք է քննարկումների արդյունքում և ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը համեմատի հոդված առ հոդված, որպեսզի հասկանա, թե ինչ փոփոխություններ են արվել:

«Մեր պետական մարմինների ձեռագիրն է՝ օրենքի նախագծում վերջին պահին կարող են այնպիսի փոփոխություններ անել, որ բոլորին անակնկալի բերեն: Սակայն խնդիրը նաև գործատուների շրջանում է: Ընթացքում օրենք չեն կարդում, բայց երբ «դանակը հասնում է ոսկորին», միանգամից աղմուկ են բարձրացնում»,- ընդգծեց  Գագիկ Մակարյանը:

Նշենք, որ Հայաստանում գործող բիզնես ասոցիացիաներն իրենց մտահոգությունն են հայտնել ՀՀ կառավարության կողմից մշակված և Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային օրենսգրքի վերաբերյալ: Ըստ նրանց՝ Հարկային օրենսգրքի նախագծում տեղ են գտել այնպիսի դրույթներ, որոնք ոչ միայն չեն բխում նախօրոք հաստատված Հարկային օրենսգրքի հայեցակարգից և Հարկային խորհրդում նախապես քննարկված ու համաձայնեցված տարբերակից, այլև լուրջ հակասություններ ունեն դրա հիմնական հայեցակարգային գաղափարի հետ և կարող են խիստ բացասական ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա:

Մտահոգիչ են համարում նախագծի հետևյալ կետերը՝ եկամտային հարկի փաստացի բեռի ավելացումը. ներկայումս գործող 24.4%, 26% և 36% դրույքաչափերի փոխարեն քննարկումների ժամանակ առաջարկվում էր սահմանել եկամտահարկի 20% միասնական դրույքաչափ, մինչդեռ Հարկային նոր օրենսգրքով դարձյալ տեղ է գտել պրոգրեսիվ աճող մոտեցումը՝ 23-33 % դրույքաչափով, ընդ որում՝ նախկինում գործող 26%-ի փոխարեն նախատեսվում է սահմանել 28%, իսկ վերջին միջակայքի շեմը 2 մլն դրամից կրճատել մինչև 1 մլն դրամ: Այս փոփոխությունը, ըստ նրանց, բացասական կանդրադառնա գործարարների   վրա՝ առաջացնելով բիզնեսի հարկային բեռի ավելացում կամ զուտ աշխատավարձերի կրճատում: Սա իր հերթին առաջացնելու է բիզնեսի մրցունակության անկում կամ սոցիալական դժգոհություններ:

Placeholder