Արցախում վիրավորված Ռոլանդ Սահակյանն այսօր տեղափոխվել է հիվանդասենյակ
Առողջություն
13:42 27/06/2016
Հայաստան

Արցախում վիրավորված Ռոլանդ Սահակյանն այսօր տեղափոխվել է հիվանդասենյակ

Թալիշում ապրիլի 3-ին ծանր վիրավորում ստացած Ռոլանդ Սահակյանին, ով գրեթե երեք ամիս վերակենդանացման բաժանմունքում էր, այսօր տեղափոխել են հիվանդասենյակ: Ռոլանդի ծնողները, իմանալով, որ որդուն այսօր տեղափոխելու են հիվանդասենյակ, առավոտ շուտ գյուղից շտապել են հոսպիտալ, որպեսզի իրենց աչքով տեսնեն արդեն սենյակում պառկած որդուն և այդ ուրախությունը կիսեն մյուսների հետ: Այս լուրին, անշուշտ բոլորս էինք սպասում: 

«Փառք Աստծո, Ռոլանդս արդեն լավ է»,- մեզ հետ զրույցում նշեց մայրը՝ Հռիփսիմե Սահակյանը:

Ռոլանդի հետ հանդիպել էինք 3 օր առաջ, հոսպիտալի բակում, հենց այստեղ էլ զրուցեցինք նրա հետ: Այդ ժամանակ Ռոլանդի կողքին էին մայրը, հորեղբայրը և քահանան: Վերջինս պարբերաբար այցելում է հոսպիտալ և օրհնում վիրավոր զինվորներին:

Արդեն մի քանի օր է՝ Ռոլանդին հարազատները սայլակով դուրս են բերում հոսպիտալի բակ: Նա սկսել է խոսել և, ամենակարևորը, զգում է ոտքերը: Մաքուր օդն էլ կարծես իր դրական ազդեցությունն է թողնում. Ռոլանդի տրամադրությունը բարձր է, նույնիսկ կատակներ է անում:

Չնայած այս ամենին, նա չի կարողանում մոռանալ ապրիլյան օրերը: Երեք ամսվա ծառայող Ռոլանդը վիրավորվել է դիրքեր բարձրանալու ճանապարհին: Պատմում է, որ մեքենան վարել է ինքը, հակառակորդի արկակոծության ժամանակ էլ շարունակել է վարել, սակայն տեսնելով, որ ռմբակոծությունը չի դադարում, նույնիսկ ընդհակառակը, ավելի է ուժեղանում, փորձել է մեքենայից դուրս գալ, սակայն, ինչպես ինքն է պատմում, «չհասցրեցի դուրս գալ, սնարյադով խփեցին»: 

Ծանր վիրավոր Ռոլանդին տեղափոխել են Ստեփանակերտ, իսկ հետո՝ Երևան: ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում զինծառայողը 6 վիրահատության է ենթարկվել՝  թոքերի, լեղապարկի, լյարդի: Վերջին վիրահատության ժամանակ Ռոլանդի ողնաշարից բեկոր են հեռացրել:

Չնայած այս փորձություններին, Ռոլանդը չի հուսահատվում, իսկ հարցիս՝ ինչպես ես հիմա քեզ զգում, պատասխանեց. «Որ արդեն դրսում եմ, ուրեմն՝ ամեն ինչ նորմալ է»: 

Արդեն ջերմություն չունի, բայց պառկելախոց ունի, վերքերը լավանալուց հետո վերականգնողական բուժումներ  կանցնի: Մի քանի օր է՝ Ռոլանդի հետ աշխատում են մկանները մերսող մասնագետներ:

«Անպայման այս մասին կգրեք: Շատ շնորհակալ եմ նրանցից: Եթե մինչև մերսումները  ոչինչ չէի զգում, հիմա սկսել եմ ոտքերս զգալ, շարժել, մի քանի օր է՝ սայլակով հարազատներիս օգնությամբ դուրս եմ գալիս»,- ասաց Ռոլանդը:

Ռոլանդի մայրն էլ ուրախ է հատկապես այն փաստից, որ որդին զգում է ոտքերը:

«Մտածում էինք վիրահատությունների մասին՝ ինչպես կանցնի, ոնց կլինի տղաս, հիմա մտածում ենք էրեխու քայլելու մասին: Հուսամ, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասում է տիկին Հռիփսիմեն ու պատմում, որ  որդու վիրավորվելու մասին իմացել է ապրիլի 5-ին: Ռոլանդի հետ խոսել է մարտի 30-ին, իսկ դրանից հետո չի կարողացել կապ հաստատել որդու հետ. «Շատ վատ վիճակում էի: Հետո իմացա, որ երեխաս ծանր վիրավոր է: Բայց, փառք Աստծո, դրական տեղաշարժ կա, Ռոլանդս ամուր է, հուսով եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»:  

Զրույցի ընթացքում նկատում էինք, որ Ռոլանդն ուշադիր նայում է շուրջբոլորը, նրան  հատկապես գրավեց փոքրիկ տղան, որը հայրիկի ձեռքը բռնած դուրս էր գալիս հոսպիտալից: Երեխայի աշխուժությունն էր երևի գրավել Ռոլանդին, որ երկար նայեց նրա հետևից ու շշնջաց. «Մանկությունս հիշեցի»:

Բայց նա դեռ կհիշի նաև իր երիտասարդության հերոսական օրերը, որոնք նրան հպարտ լինելու իրավունք են տալիս…

Placeholder
Արցախում վիրավորված Ռոլանդ Սահակյանն այսօր տեղափոխվել է հիվանդասենյակ