Հայոց պատմությունը՝ «Հավերժություն» պլաստիկ ներկայացման միջոցով
Մշակույթ
12:56 28/06/2016
Հայաստան

Հայոց պատմությունը՝ «Հավերժություն» պլաստիկ ներկայացման միջոցով

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր կներկայացվի Մարսելի Բարեգործական Ընդհանուր Միության, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Նորքի հայորդաց տան համատեղ իրականացրած «Հավերժություն» պլաստիկ ներկայացումը:

«Ներկայացման միջոցով ցույց ենք տալիս հայոց պատմությունը՝ մարդկության ծնունդ, Նոյան տապանի հանգրվանում Արարատ լեռան ստորոտին, քրիստոնեության ընդունում,  հալածանքներ, արհավիրքներ, հայերի ուժն ու կամքը, որ կարողացել են հաղթահարել այդ ամենը և գնացել են դեպի հավերժություն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մայր Աթոռ Սբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Նորքի հայորդաց տան պարային դպրոցի գեղարվեստական ղեկավար Արման Ջուլհակյանը:

Նրա ներկայացմամբ,  Նորքի հայորդաց տան ավելի քան 70 սան Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցից, «Նարեկ» պարային, «Հայկազունք» ազգագրական երգի-պարի, «Արմեններ» դհոլահարների համույթներից, կներկայացնեն արվեստի տարբեր ոճերի՝ մնջախաղ, պար, կրկես, ազգագրական երգ ու պար, երաժշտական հարվածային գործիքներ, համադրմամբ ստեղծված բեմադրություն: Ներկայացման մեջ օգտագործված են դասական և ժամանակակից՝ հայկական և եվրոպական կատարումներ:

«Հետաքրքիր սինթեզ է ստացվել, նոր խոսք է, կուզենք, որ ունենա շարունակություն»,- ասաց Ա.Ջուլհակյանը:

Ասուլիսին ներկա էր նախագծի հեղինակ ու սցենարիստ Պատրիկ Մալաքյանը:  Նա ասաց, որ «Հավերժություն» պլաստիկ ներկայացման պրեմիերան կայացել է Մարսելում: 

«Նման բեմադրություն անելու միտքը ծագել էր անցած տարի, երբ մտածում էինք, թե ինչպես նշել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Միտք ծագեց ներկայացնել  հայոց պատմությունն ամբողջությամբ, ոչ միայն Հայոց ցեղասպնությունը: 800 հոգի ներկա էր  Մարսելի ներկայացմանը: Ավարտին բոլորը ոտքի էին կանգնած  և լաց էին լինում»,-  նշեց Պ.Մալաքյանը:

Մարսելում ներկայացմանը մեջ հանդես է եկել 67 հոգի, Երևանում բեմադրության մեջ մասնակցություն կունենա 90  հոգի՝ 6-35 տարեկան:

Պ.Մալաքյանը տեղեկացրեց, որ այժմ աշխատում են նոր բեմադրության վրա, որն առաջին անգամ ներկայացվելու է այս տարվա հոկտեմբերին Նյու Յորքում՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 110-ամյակին նվիրված միջոցառմանը:  Բեմադրության մեջ Հայոդաց տան երեխաներին միանալու է նաև «Թումո» կենտրոնը՝ իր նոր տեխնոլոգիաներով:

«Ցույց կտանք հայ երեխաների գերազանությունը ոչ միայն արվեստում, նաև նոր տեխնոլոգիաների բնագավառում: Ուզում ենք, որ 2017-ին այն ներկայացնենք նաև Հայաստանում՝ կրկին օպերային թատրոնում»,- նշեց Պ. Մալաքյանը:


 

Placeholder
Հայոց պատմությունը՝ «Հավերժություն» պլաստիկ ներկայացման միջոցով