Կապիտանը միայն ականները վնասազերծելուց հետո է թույլատրել, որ իրեն օգնեն
Հասարակություն
15:31 28/06/2016
Հայաստան

Կապիտանը միայն ականները վնասազերծելուց հետո է թույլատրել, որ իրեն օգնեն

Առաջիկայում կպրոթեզավորեն Հադրութի դիվիզիայի ինժեներա-սակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Սամվել Բաղդասարյանի ոտնաթաթը: Հիշեցնենք, որ կապիտանը վիրավորվել էր մայիսի 29-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հարակից տարածքների ականազերծման ժամանակ:

Սամվել Բաղդասարյանը վիրավորվել է հայկական կողմի տեղադրած ականի վրա: Ապրիլյան պատերազմի ժամանակ շփման գծին հարակից որոշ տարածքներ ականապատել էին, իսկ հրադադարի հաստատումից հետո հրաման են ստացել ականազերծել նույն տարածքները։ Դեպքը տեղի է ունեցել այդ ժամանակ:

«Վիրավորվեցի ականները հանելու ժամանակ: Ինքնավստահությունս սխալի պատճառ դարձավ, ոտքս դրեցի մեր դրած ականի վրա ու պայթեցի»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Սամվել Բաղդասարյանն ու հավելում, որ այդ ժամանակ երկու ձեռքին էլ ականներ են եղել, գոռացել է, որ զինվորներն իրեն չմոտենան, հանկարծ չվիրավորվեն:

Միայն ականները վնասազերծելուց հետո է թույլատրել, որ իրեն օգնեն: Նույնիսկ այդ պահին, երբ յուրաքանչյուր վայրկյանը թանկ է, մտածել է ոչ թե իր, այլ զինվորների ու նրանց առողջության մասին: Ինքնանվիրումի ևս մի օրինակ, որի մասին լսում ենք պատերազմական վերջին գործությունների ժամանակ:

Կապիտանին վիրահատել են Ջաբրայիլի հոսպիտալում, հետո տեղափոխել են Ստեփանակերտ, իսկ հաջորդ օրը՝ Երևան: Երկրորդ վիրահատությունն ամեն օր հետաձգվում է, քանի որ բժիշկները պայքարում են կապիտանի կրունկը պահպանելու համար: 

Բացի դրանից, նրան սպասվում է նաև աչքի վիրահատություն: Բեկորներից մեկը նրա աչքի մեջ է, պատրաստվում են ոտքի վիրահատությունից հետո էլ դա հեռացնել:

Զրույցի ընթացքում Սամվելը մի արտահայտություն արեց՝ «ասացի՝ կնոջիցս հետ չընկնեմ», ապա լռեց, չուզեց իմ հետագա հարցերին պատասխանել: Նրա փոխարեն խոսեց կինը՝ Էռնան. «Ես նույնպես վիրավորվել եմ 1993 թվականին, Հադրութում: 11 տարեկան էի, ընկերուհուս հետ դաշտում խաղում էի, ու վայրկյանների ընթացքում իմ բոլոր մանկական երազանքներն ու  խաղերը հօդս ցնդեցին… Ոտքս պրոթեզավորեցին, ու այդ ծանր օրերից հետո մի տեսակ ավելի ուժեղացա: Կարևորը, որ ընտանիք ունեմ. տղաս 9 տարեկան է, աղջիկս՝ 3: Մեզ համար հաշտ, համերաշխ, խաղաղ ապրում էինք, բայց էս փորձանքը եղավ»:

Արդեն պարզ է, թե կապիտանը ինչով հետ չի մնացել իր կնոջից…

Սամվելն ու Էռնան ամուսնացել են 10 տարի առաջ: Էռնայի խոսքերով՝ ապագայի նկատմամբ լցված էին հավատով ու հույսերով, բավարարվել են այնքանով, որքան ունեցել են, սակայն մայիսի 29-ը ընտանիքին կանգնեցրեց նոր փորձության առաջ: Սամվելն ու Էռնան էլի լավատես են, հուսով են, որ կրկին կհաղթահարեն դժվարությունները և կվերադառնան նորմալ կյանքի: Սամվելը մտածում է ծառայության վերադառնալու մասին, չնայած առջևում դեռ մի քանի վիրահատություններ կան:

Մինչև նրանց հետ հանդիպելը գիտեի, որ բազմաթիվ խնդիրներ ունեն, սակայն այդ մասին ոչ մի բառ չասացին: Արժանապատիվ կեցվածքով ու հպարտորեն են նայում իրենց անցած ճանապարհին:

Placeholder
Կապիտանը միայն ականները վնասազերծելուց հետո է թույլատրել, որ իրեն օգնեն