Հայկ Ալումյան. Հայաստանում խոշտանգումների նկատմամբ շատ հանդուրժող են
Իրավունք
16:09 29/06/2016
Հայաստան

Հայկ Ալումյան. Հայաստանում խոշտանգումների նկատմամբ շատ հանդուրժող են

Մինչև 2015 թվականը ներառյալ  ՄԻԵԴ-ը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի   3-րդ հոդվածով, որը վերաբերում է խոշտանգումների արգելմանը,  կայացրել է 12 վճիռ:

«Մեդիա կենտրոն»-ում «Քաղաքացիական հասարակությունն ընդդեմ խոշտանգումների. խոշտանգման դեպքերը Հայաստանում» թեմայով ասուլիսի ժամանակ նման տվյալներ ներկայացրեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանը:

«Մեկ գործ եղել է հենց խոշտանգման առնչությամբ, 9-ը եղել են անմարդկային վերաբերմունքի առնչությամբ, 2 գործ՝ քննության արդյունավետության բացակայության մասով»,-ասաց նա:

ՀԿ ղեկավարի խոսքով, խոշտանգումների մասին առավել շատ բարձրաձայնվել են ձերբակալված անձանց պահման վայրերում հասարակական դիտորդական խմբի կողմից: Նա որպես օրինակ նշեց ձեռքի տակ եղած 2013-ի տվյալները, երբ 1431 ձերբակալվածների շրջանում դիտորդական խմբի ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է մարմնական վնասվածքներ ստանալու  324 դեպք, դրանց առնչությամբ խմբի կողմից 363 հաղորդում է ներկայացվել:

«363 հաղորդումների արդյունքում ընդամենը 7 քրեական գործ է հարուցվել, բոլորի առնչությամբ էլ տեղի է ունեցել կարգապահական վարույթ, որի արդյունքում կարգապահական պատասխանատվության են ենթարկվել: Որևէ դեպքում քրեական պատասխանատվություն չի եղել»,-ասաց նա:

Փաստաբան Հայկ Ալումյանը նկատեց, որ ՄԻԵԴ կայացրած վճիռների թիվը չի նշանակում, որ Հայաստանում խոշտանգման 12 դեպք է տեղի ունեցել, ուղղակի այդքան մարդ արդարության հասնելու գործում հետևողական է եղել:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավարը տեղեկացրեց՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի խոշտանգումների գործով կոմիտեն սահմանել է ուժեղացված վերահսկողության Հայաստանի դեմ, քանի որ կոմիտեն ներկայացվող գործերի արդյունքում հանգել է եզրակացության, որ պետությունը բավարար քայլեր չի ձեռնարկում նման դեպքերի կրկնությունը կանխելու համար:

«Եղել են դեպքեր,  երբ կոնկրետ ծառայողներ, ովքեր Եվրոպական դատարանի որոշմամբ ճանաչվել են իրավախախտներ, հետագայում ստացել են պաշտոնի բարձրացում, արժանացել են խրախուսանքի: Մենք տարիներ շարունակ ահազանգում ենք այդ դեպքերի մասին, բայց ցավոք սրտի, համակարգային լուրջ փոփոխություններ չկան»,-նշեց նա:

Ասուլիսի մյուս բանախոս՝ փաստաբան Հայկ Ալումյանը նկատեց, որ հայ հասարակությունը շատ հանդուրժող է խոշտանգումների նկատմամբ:

«Անթույլատրելի ձևով հանդուրժող են, հասարակությունը պատրաստ չի եվրոպական չափանիշներին, նրանց հետ բացատրական աշխատանքներ շատ քիչ է տարվում: Այս առումով մենք հետ ենք անգամ Վրաստանից»,-ասաց Ալումյանը:

Նրա խոսքով, իրենից մեծ ջանքեր են պահանջվում իր պաշտպանյալներին բացատրել, հասկացնել, որ եթե ենթարկվել է խոշտանգումների, ապա պետք է հասնել, այն բանին, որ խոշռանգողները ենթարկվեն պատասխանատվության:

«Տասից մեկի դեպքում է հաջողվում: Ես երեք գործով եմ ՄԻԵԴ-ում հաջողության հասել, բայց հավատացեք, եթե իմ բոլոր պաշտպանյալները պատրաստ լինեին բարձրաձայնել իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերի մասին, ապա այդ թիվը կլիներ 30»,-ասաց նա:

Placeholder
Հայկ Ալումյան. Հայաստանում խոշտանգումների նկատմամբ շատ հանդուրժող են