Human Rights Watch-ի հետ ՄԻՊ հանդիպմանը կարևորվել են մոնիտորինգային այցերը քրեակատարողական հիմնարկներ
Քաղաքական
11:23 30/06/2016
Հայաստան

Human Rights Watch-ի հետ ՄԻՊ հանդիպմանը կարևորվել են մոնիտորինգային այցերը քրեակատարողական հիմնարկներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնևում հանդիպել է Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Ֆիլիպ Դամին:

ՄԻՊ աշխատակազմի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կանխարգելիչ ակտիվ գործունեության իրականացումը Հայաստանում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրման ուղղությամբ:

Մասնավորապես, քննարկվել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի մյուս ձևերի դեմ պայքարի գործում Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես ազգային կանխարգելման մեխանիզմի դերին առնչվող հարցը: Կարևորվել են մոնիտորինգային այցերը քրեակատարողական հիմնարկներ, ինչպես նաև ազատությունից զրկման այլ վայրեր:

Հանդիպման ընթացքում ընգծվել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվության միջոցների հետ համագործակցության, նրանց գործունեությունը խթանելու կարևորությունը: 

Հանդիպմանը քննարկվել են նաև ընտանեկան բռնության կանխարգելման, մասնավորապես՝ միասնական օրենսդրության ընդունման, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտների վերաբերող հարցեր:

Ըստ աղբյուրի, կողմերը պայմանավորվել են այսուհետ իրականացնել ակտիվ համագործակցություն՝ համատեղ միջոցառումներ կազմակերպելու, դրանց կողմերի ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու, մարդու իրավունքների պաշտպանության հարցերում համագործակցված ուսումնասիրություններ կատարելու ու իրավունքների խախտումների վերացմանն ուղղված առաջարկներ ներկայացնելու միջոցով:

 

 

Placeholder
Human Rights Watch-ի հետ ՄԻՊ հանդիպմանը կարևորվել են մոնիտորինգային այցերը քրեակատարողական հիմնարկներ