Քառօրյա պատերազմում վիրավորված Ավետիս Զարգարյանին նոր վիրահատություն է սպասվում
Առողջություն
10:07 04/07/2016
Հայաստան

Քառօրյա պատերազմում վիրավորված Ավետիս Զարգարյանին նոր վիրահատություն է սպասվում

Ապրիլի 4-ին Արցախում ծանր վիրավորված 19-ամյա Ավետիս Զարգարյանի առողջական վիճակի մեջ դրական տեղաշարժ կա:

«Դանդաղ, բայց առաջընթաց կա: Մերսումներից հետո  որդիս զգում է ոտքերը, շարժում է ձեռքը»,- Panorama.am-ի թղթակցի  հետ զրույցում նշեց Ավետիսի հայրը՝ Հայկազ Զարգարյանը:

19-ամյա Ավետիսն արդեն երեք ամիս է` պառկած է Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում: Վիրավորվել է Թալիշի  մարտական գործողությունների ժամանակ, գնդակը մտել է նրա ծնոտը, թիկունքով ներքև իջել և վնասել մի քանի ողը, ողնուղեղը: Բժիշկները թեև հույս չունեին, որ Ավետիսը կապրի, բայց ամեն ինչ անում էին նրան փրկելու համար:  Ավելի քան մեկ ամիս միացված էր արհեստական շնչառության ապարատին, այդ ընթացքում Ավետիսին երկու անգամ վիրահատել են, հեռացրել են ողնաշարի գնդակը, վերականգնել բեկորից վնասված ձեռքի ոսկորը:  

Հայկազ Զարգարյանը հայտնեց, որ առաջիկա օրերին Ավետիսին սպասվում է նոր վիրահատություն: «Որդուս ծնոտը բազմաբեկորային վիրավորում է ստացել, պետք է վիրահատեն, բայց առողջական վիճակը թույլ չի տալիս, քանի որ շատ նիհարել է, հյուծված է, պետք է սպասենք: Երբ  համեմատաբար իրեն լավ զգա, վիրահատությունն անպայման կանեն»,- ասաց հայրը:

Զարգարյանները Արցախի Գետաշեն գյուղից են: Արցախյան պատերազմի ժամանակ հեռացել են այնտեղից  և բնակություն հաստատել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում:  Աշխատելու նպատակով երեք տարի առաջ ընտանիքը մեկնել է Ռուսաստան, սակայն Ավետիսը վերադարձել է Հայաստան զինվորական պարտքը կատարելու:

Քառօրյա պատերազմի ժամանակ հատուկ առաջադրանք իրականացնելու ընթացքում  հանդիպել են ադրբեջանցիներին և սկսվել է մարտը: «Ավետիսը կոկորդից վիրավորվել է և մինչ օրս չի կարողանում խոսել, դրա համար շատ բան չգիտենք՝ ինչպես է եղել, ովքեր են իր հետ մարտին մասնակցել: Միայն հասկացրել է, որ առաջին վիրավորը ինքն է եղել: Դրանից հետո ոչ մի բան չի հիշում»,- ասաց Հայկազ Զարգարյանը:

Վիրավորվելուց հետո Ավետիսին ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են Երևան: Ծնողները լուրը ստանալուց հետո եկել են Հայաստան: 

«Բժիշկները հույս չէին տալիս, բայց ամեն ինչ անում էին, որդուս փրկեին ու փրկեցին: Այս երեք ամիսների ընթացքում Ավետիսս միայն հոգատարություն է տեսել: Մենք շատ շնորհակալ ենք բոլոր բժիշկներին»,- նշեց նա:

Հայր մեծ ցանկություն ունի՝ որդու հետագա բուժումը արտերկրում կազմակերպի.«Եթե հնարավորություն ունենայի, ինքս իմ երեխային կտանեի արտերկիր: Փախստականի ընտանիքի զավակ եմ, 1991 թվականին տեղափոխվել ենք Վարդենիս, մեր քրտինքով ապրել ենք, բայց կուտակած գումար չունենք: Եթե ունենայի ժամ առաջ որդուս կտեղափոխեի: Ես ծնող եմ, ինձ հասկացեք:  Երկու տղա ունեմ, բայց  իմ մի կեսը ջարդված է»:

Զարգարյանները Ռուսաստան մեկնելու համար վաճառել են  Վարդենիսի իրենց տունը, հիմա այստեղ ոչինչ չունեն: Ավետիսի վիրավորվելուց հետո էլ Ռուսաստանում թողել են աշխատանքը և վերադարձել: Հիմա ապրում են բարեկամի տանը, որ վարձ չտան. «Ոչ տուն ունեմ, ոչ աշխատանք, երեխաս էլ այս վիճակում է: Գոնե տղաս լավ լինի, միայն դա եմ ուզում»:

Հիշեցնենք, որ հոսպիտալի վերականդանացման բաժանմունքում այսօր գտնվում է միայն Ավետիսը, իսկ Ռոլանդ Սահակյանին օրեր առաջ տեղափոխել են հիվանդասենյակ:

Ավետիս Զարգարյանին աջակցել ցանկացողները կարող են դրամական փոխանցումներ կատարել նրա հոր՝ Հայկազ Զարգարյանի անվամբ բացված հաշվեհամարին՝

Բանկ՝  Յունիբանկ
24100339365900 (ՀՀ դրամ)
24100339365901 (ԱՄՆ դոլար)

 

 

 

Placeholder