Այստեղ աղջիկները տղաներից վատ չեն կրակում
Կրթություն, գիտություն
13:16 04/07/2016
Հայաստան

Այստեղ աղջիկները տղաներից վատ չեն կրակում

«Քվանտ» վարժարանում արդեն քսան տարի է ուսումնական տարվա ընթացքում նախնական զինվորական պատրաստության դասաժամեր չեն անում, կրթության և գիտության նախարարության ծրագրով ռազմագիտության դասերն անցկացնում են ամռանը՝ ճամբարում:

7-11-րդ դասարանի ավելի քան 250 աշակերտ երեք հերթափոխով 12 օր անցկացնում է վարժարանի Աղավնաձորի «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում:

Ճամբարում՝ ինչպես բանակում, ամեն ինչ նմանեցված է զինվորական կյանքին: Միակ տարբերությունն այն է, որ  բանակում աղջիկներ չկան, իսկ ճամբարում տղաների հետ հավասար իրենց ուժերն են փորձում նաև աղջիկները: Բնական է՝ աշակերտների համար առաջին մի քանի օրը դժվար է լինում, սակայն նրանք կարողանում են հաղթահարել դժվարությունները:

Երեխաներն ճամբարային 12 օրում ամբողջությամբ յուրացնում են նախնական զինվորական պատրաստության բոլոր տարրերը, պարապմունքները գործնական են՝ կրակել, ավտոմատ քանդել-հավաքել և այլն: Դպրոցականները օրվա ընթացքում նաև մարզական, ինտելեկտուալ, մշակութային միջոցառումներ են կազմակերպում, համատեղում են օգտակարը հաճելիի հետ:

«Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանի խոսքով, ռազմագիտության դասերն այսպիսի հավաքների տեսքով անցկացելու գաղափարն առաջացել էր 1990-ականների վերջերն, երբ պարզ էր դարձել, որ հին ավանդական մեթոդներով՝ առարկայի վերաբերյալ ինչ-որ բաներ ասել, անարդյունավետ է, ժամանակը կորում է. «Մենք մտածում  էինք, որ անիմաստ գումարներ ենք վատնում այս առարկայի վրա, արդյունքը շատ քիչ է լինում»:

1997 թվականին առաջին անգամ կազմակերպում են ռազմամարզական հավաքը: «Քվանտ»-ը պատրաստ է քսանամյա փորձը փոխանցել նաև մյուս դպրոցներին:

«Ոչ միայն պատրաստ ենք, այլ մի քանի անգամ փորձել ենք տարածել այդ փորձը: Կրթության և գիտության նախարարությունը 2002 թվականին  դիմել էր պաշտպանության նախարարությանը, որպեսզի այս փորձն ուսումնասիրվի և տարածվի: Այն ժամանակ փորձն ուսումնասիրվեց, բավականին դրական կարծիքներ կային, հետաքրքիր գաղափարներ էին  առաջարկվել, ցավոք, ինձ համար անհասկանալի պատճառներով, չտարածվեց: Հիմա ուզում ենք, որ առաջին հերթին պաշտպանության նախարարությունն ուսումնասիրի մեր փորձը, տարածվի այն դպրոցներում, որտեղ հնարավորություն կա: Որտեղ չկա՝ պետք չէ պարտադիր որևէ բան անել»,- ասում է Ռ. Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder