«Մինչդեռ նրանց մեջ կային այնպիսի վիրավորներ, որ չէինք հավատում՝  ոտքի կկանգնեն»
Առողջություն
14:56 05/07/2016
Հայաստան

«Մինչդեռ նրանց մեջ կային այնպիսի վիրավորներ, որ չէինք հավատում՝ ոտքի կկանգնեն»

Ապրիլյան պատերազմի ընթացքում ողնաշարի ծանր վիրավորում ստացած զինծառայողներ Ռոլանդ Սահակյանի ու Ավետիս Զարգարյանի` արտասահմանում հետագա բուժումը շարունակելու հարցը դեռ քննարկվում է: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

Նրա խոսքերով՝ մի քանի հիվանդանոցների, այդ թվում՝ Գերմանիայի, Հունաստանի առաջատար կլինիկաների նամակներ են ուղարկվել:

«Հունաստանից արդեն արձագանքել են, իրենք ունեն ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխան կլինիկաներ, հնարավոր է, որ երբ վիրավորներին արտերկիր տեղափոխելու որոշում կայացնեն, ապա ավելի շուտ Հունաստան ուղարկենք, քան սպասենք այլ կլինիկաների արձագանքին»,- նշեց Կամավոր Խաչատրյանը:

Այդուհանդերձ, եթե որոշում կայացվի վիրավորներին այլ երկիր տեղափոխել, պետք է նրանց վիճակն այնքան կայուն լինի, որ կարողանան դիմանալ տեղափոխությանը: Հակառակ դեպքում տեղափոխելու մասին չպետք է մտածել, քանի որ ռիսկային է:

Նշենք, որ այս պահին երկու տղաների վիճակն էլ գնահատվում է կայուն, բայց ծանր:

«Ամեն դեպքում, զինվորների բուժումը կլինի Հայաստանո՞ւմ, թե արտերկրում, պետք է վստահ լինենք, որ առողջապահության համակարգը, հատկապես՝ ռազմաբժշկական ծառայությունը, մեր վիրավորներին պահում է ուշադրության կենտրոնում, հետևողական է և յուրաքանչյուրի հետևից մինչև վերջ գնում է: Մեկ րոպե մեր զինծառայողներն անտարբերության չեն մատնվում»,- ասաց  ռազմաբժշկական վարչության պետը:

Կամավոր Խաչատրյանը հայտնեց, որ ստեղծվել է զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տվող հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են հանրապետության լավագույն բժիշկներ, պաշտպանության և առողջապահության ոլորտների պատասխանատուներ, ռազմաբժշկական վարչությունից առաջատար մասնագետներ: Եթե մարտական հերթապահության ժամանակ կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողի ստացած վնասվածքի բուժումը Հայաստանում հնարավոր չլինի, ապա բուժումը կազմակերպվելու է արտերկրում՝ ՀՀ բյուջեի հաշվին: Սակայն նրանց տեղափոխելու որոշումը պետք է ընդունի միայն այդ հանձնաժողովը:  

«Ցանկացած պաշտոնատար անձ իրավունք չունի որոշում կայացնել: Ես՝ որպես ռազմաբժշկական վարչության պետ, չեմ կարող որոշել, որ Արմանը, Ռուբենը կամ մյուս վիրավորները պետք է բուժում ստանան Գերմանիայում կամ մեկ այլ երկրում: Որոշողը տվյալ հանձնաժողովն է»,- նշեց նա:

Ըստ նրա՝ եթե քննարկման ընթացքում հանգեն եզրակացության, որ տվյալ զինծառայողին ցանկացած երկիր ուղարկելու դեպքում, միևնույն է, արդյունք չեն ունենալու, ապա զգացմունքային հարթակից պետք է տեղափոխվել իրականություն.  «Ցանկացած հիվանդի ցանկացած արտասահմանյան կլինիկա տանելու դեպքում ընդունելու են: Բայց եթե գիտենք, որ բուժումը տվյալ հիվանդանոցում կազմելու է 150-160 հազար եվրո, իսկ արդյունքում մենք ունենալու ենք այն, ինչ ունենք, այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ համար ծախսել այդքան գումար, եթե կարող ենք խնդիրը լուծել մեզ մոտ և նույն արդյունքը ստանալ: Ուղղակի այդ մոտեցումը հասարակության, ծնողների կողմից ճիշտ չի ընկալվում: Ի վերջո, պետք է հասկանանք՝ եթե կա ողնուղեղի վնասվածք լուրջ դեֆեկտով, միանշանակ ասում եմ՝  որտեղ էլ տանենք, արդյունք չի լինելու, ժամանակակից  բժշկագիտությունը դեռ չի հասել այն աստիճանի, որ ողնաշարի դեֆեկտը վերականգնի»,- ասաց Կամավոր Խաչատրյանը:

Նրա խոսքերով՝ իրենք շատ լավ հասկանում են ծնողների հոգեվիճակը, նրանց մտահոգությունը: Եթե հնարավոր լինի ինչ-որ բան անել՝ իրենց երեխաներին ոտքի կանգնեցնելու համար, ապա կանեն հնարավոր և անհնար ամեն բան: Բայց պետք է, ըստ նրա, ամեն ինչ հաշվի առնել:

Կա նաև մեկ այլ խնդիր՝կապված  հայ բժիշկներին թերահավատորեն վերաբերվելու հետ, մինչդեռ ապրիլյան պատերազմը պետք է կոտրեր այդ կարծրատիպը: Իսկապես, բժիշկներն այդ օրերին հրաշքներ են գործել, և եթե կան վիրավորներ, ովքեր այսօր սկսել են քայլել և մտածում են իրենց ապագայի մասին, հայ բժիշկների շնորհիվ է:

Կամավոր Խաչատրյանը նշեց, որ հայկական «Քրոս» (Կարմիր խաչ) առողջության կենտրոնում այսօր վերականգնողական բուժում են ստանում ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներ: Արդյունքը դրական է, վերականգնողական կենտրոնի բժիշկները ջանք չեն խնայում՝ զինծառայողներին ոտքի կանգնեցնելու համար:

«Մինչդեռ նրանց մեջ կային այնպիսի վիրավորներ, որ չէինք հավատում՝  ոտքի կկանգնեն, բայց, փառք Աստծո, Կարմիր խաչում վերականգնվել են, քայլում են»,- նշեց նա: 

Ռազմաբժշկական վարչության պետն, անդրադառնալով Ավետիս Զարգարյանին, նշեց, որ նա  բազմաթիվ վնասվածքներ է ստացել և միայն բժիշկների հերոսական աշխատանքի շնորհիվ է, որ այսօր ապրում է. «Առաջին օրերին հույս չունեինք, որ կապրի, քանի որ բազմաթիվ լուրջ վնասվածքներ է ստացել: Բայց նա ապրեց և այսօր նույնիսկ այդ վիճակում գտնվելը կարելի է հրաշք համարել»:

Նշենք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ողնաշարի վնասվածք են ստացել 4 զինծառայող՝ Արման Լազգիյանը, Ռուբեն Առաքելյանը, Ռոլանդ Սահակյանը և Ավետիս Զարգարյանը: Ներկայումս Արմանն ու Ռուբենն իրենց բուժումը շարունակում են Գերմանիայում: 

Placeholder
«Մինչդեռ նրանց մեջ կային այնպիսի վիրավորներ, որ չէինք հավատում՝ ոտքի կկանգնեն»