Հայաստանում գորգերի և տրիկոտաժի արտադրության ծավալները շարունակում են նվազել
Տնտեսություն
19:05 05/07/2016
Հայաստան

Հայաստանում գորգերի և տրիկոտաժի արտադրության ծավալները շարունակում են նվազել

Հայաստանում վերջին ամիսներին նվազում են ինչպես տրիկոտաժեղենի, այնպես էլ գորգերի արտադրության ծավալները: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակված ցուցանիշները խոսում են մեր երկրում  մանածագործական և հագուստի արտադրության ծավալների անկման մասին:

Ինչպես տեղեկանում ենք ԱՎԾ-ից, 2016 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալը նվազել է 51.4%-ով: Եթե  այս տարվա առաջին հինգ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 8.5 տոննա գորգեր և գորգեղեն, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 17.5 տոննա:

Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա այս տարվա հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 1 264.0 հազար հատ տրիկոտաժեղեն, իսկ 2015թ-ի հունվար-մայիսին՝ 1 265.2 հազար հատ: Այստեղ արտադրության ծավալներն աննշան են նվազել՝ 0.1%:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում  նվազել են նաև բամբակյա գործվածքների արտադրության ծավալները: Եթե 2015թ-ի հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 3,4 տոննա բամբակյա գործվածք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ ընդամենը 1,2 տոննա, ինչը 64.7 տոկոսով պակաս է:

Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա հինգ ամիսներին 2.7 անգամ աճել է միայն գուլպեղենի արտադրության ծավալը. 2015թ-ի հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է  2 486.9 հազար զույգ գուլպեղեն, իսկ 2016 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 6 627.3 հազար զույգ:

Placeholder
Հայաստանում գորգերի և տրիկոտաժի արտադրության ծավալները շարունակում են նվազել