Լարսի բացման աշխատանքները դեռ 4-5 օր կտևեն
Տնտեսություն
15:31 06/07/2016
Հայաստան

Լարսի բացման աշխատանքները դեռ 4-5 օր կտևեն

Լայնածավալ աշխատանքներ են տարվում և արվում է ամեն ինչ  Լարսի անցակետը տրանսպորտային բոլոր միջոցների համար օր առաջ բացելու ուղղությամբ (մոտ 4-5 օրվա ընթացքում): Վրաստան մեկնած տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին տեղեկացրել են վրացական կառավարության ներկայացուցիչները:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Բեգլարյանը հանդիպել է Վ րաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:
Հանդիպմանը ներկա էին Վրաստանի վարչապետի առաջին տեղակալ, Էկոնոմիկայի և  կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Նոդար Ջավախիշվիլին և ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի ղեկավար Գիորգի Սետուրիձեն:

Հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր` կապված Վրաստանի տարանցիկ միջանցքի օգտագործման հետ, որն անհրաժեշտ է հայաստանյան բեռնափոխադրումների համար: Նշվել է, որ պետք է զարգացնել այն միջազգային չափորոշիչներին համապատասխան, ինչը առաջնահերթություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար:

Քննարկվել են նաև Եվրոպական տարանցիկ միջանցքի (Ե-60), Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս և Թբիլիսի-Բակուրցիխե-Լագոդեխի ուղղությունների կարևորությունը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, և՛ հայկական, և՛ վրացական կողմերը նշել են, որ Հայաստանի Հանրապետությունից բեռների փոխադրման արդյունավետ տարբերակ է Վրաստանի տարածքով Ռուսթավի-Սադախլո և Թբիլիսի-Գեգուտի ուղղությունները, ինչպես նաև Խաշուրի-Ախալցխա-Նինոծմինդայից դեպի Հայաստանի Հանրապետության սահման  ուղղությունը։

Placeholder
Լարսի բացման աշխատանքները դեռ 4-5 օր կտևեն