Պետությունն ամբողջությամբ կփոխհատուցի արտերկրում բուժվող զինծառայողներին ուղեկցող անձանց ծախսերը
Առողջություն
11:45 07/07/2016
Հայաստան

Պետությունն ամբողջությամբ կփոխհատուցի արտերկրում բուժվող զինծառայողներին ուղեկցող անձանց ծախսերը

ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ հստակություն մտցրեց իր  2016 թ. ապրիլի 21-ի  որոշման մեջ, մասնավորապես, Հայաստանից  դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգում հանվեց «համապատասխանաբար՝ 50 տոկոսի չափով». բառակապակցությունը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը նշեց, որ նախագիծը մշակվել է  «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին»  օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

Կառավարության որոշմամբ սահմանվում է ոչ թե զինծառայողին ուղեկցող անձի` օտարերկրյա պետությունում ճանապարհածախսի և կեցության գումարի չափը, այլ այդ գումարի հատկացման կարգն ու պայմանները:

«Մյուս կողմից՝ առկա ձևակերպումը կրում է խիստ խտրական բնույթ, քանի որ ստացվում է, որ պետական մարմինների աշխատակիցներն օգտվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2335-Ն որոշմամբ սահմանված հատկացումներից 100 տոկոսի չափով, մինչդեռ իր որդուն կամ ամուսնուն բուժման համար արտասահման մեկնած անձը` միայն դրա կեսի չափով: Ուստի, առաջարկվող լուծումն է` հանել  50 տոկոսի չափով» բառերը»,- ասաց  փոխնախարարը:

Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում՝ ամբողջությամբ կփոխհատուցվեն ոչ միայն հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված զինծառայողի բուժման, ճանապարհածախսի և կեցության ծախսերը, այլև ամբողջությամբ կփոխհատուցվեն վերջինիս ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցության ծախսերը: Դրանով կապահովվի նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 410-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանվող կարգավորումների համապատասխանությունը «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներին:

 

Placeholder
Պետությունն ամբողջությամբ կփոխհատուցի արտերկրում բուժվող զինծառայողներին ուղեկցող անձանց ծախսերը