Շուշիում կայանալու է «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերան
Մշակույթ
16:25 07/07/2016
Հայաստան

Շուշիում կայանալու է «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերան

Շուշիում այս տարվա սեպտեմբերի 1-ին կայանալու է «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերան, այնուհետև՝ սեպտեմբերի 7-ին կամ 8-ին՝ Երևանում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: «Սասունից Դավիթ» օպերայով բացվելու է թատրոնի  83–րդ թատերաշրջանը,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը:

Նա տեղեկացրեց, որ օպերան լինելու է թատրոնի խաղացանկային ներկայացումը: Ա.Արզումանյանի խոսքով՝ նոր օպերա է, երբեք չի ներկայացվել օպերային թատրոնում: Օպերայի հեղինակն է կոմպոզիտոր Հարո Ստեփանյանը  (1897-1966 թթ):

Թատրոնի տնօրենն ասաց, որ մինչև տարեվերջ  տեղի է ունենալու նաև «Տոսկա» օպերայի և «Դիմակահանդես» բալետի պրեմիերաները:

Խոսելով 82-րդ թատերաշրջանի մասին, Ա. Արզումանյանն ասաց, որ 2015-2016 թթ. ծրագրված պլանների 80-90 տոկոսն իրականացվել է, կայացել է «Կարմեն», «Նորմա» օպերաների պրեմիերաները:

«Գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի հետ մեծ ծրագրեր  էինք մշակել: Որոշ մասը  իրականացրեցինք: Այն ծրագրերը, որոնք նախատեսել էինք, բայց չհասցրեցինք կատարել, մեր պարտքն ենք համարում անպայման իրականացնել»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Գեղամ Գրիգորյանը մահացել է այս տարվա մարտի 23-ին:  Թատրոնի գեղարվեստական ղեկավար էր նշանակվել 2015-ին:

Ա.Արզումանյանի խոսքով, անցյալի տարի ստեղծել են երիտասարդական ծրագիր, որի շրջանակում համագործակցում են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հետ:

«Այս ծրագիրը թույլ է  տալիս մեզ մոտիկից ծանոթանալ երիտասարդ լավագույն երգիչների հետ, նաև նրանք ենք կարողանում մոտիկից ծանոթանալ թատրոնին: Նրանք ապագայում աշխատելու են թատրոնում: Այս տարի կամ 2017-ին այս ծրագրի շրջանակում ներկայացնելու ենք «Եվգենի Օնեգին» օպերան»,- ասաց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը:

Placeholder
Շուշիում կայանալու է «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերան