Սպառողների իրավունքների պաշտպան. Չարաշահումների դեմ այսպես չեն պայքարում
Իրավունք
17:33 07/07/2016
Հայաստան

Սպառողների իրավունքների պաշտպան. Չարաշահումների դեմ այսպես չեն պայքարում

Պետական համակարգում աշխատողներին տրամադրվող սոցիալական փաթեթների հանգստի բաղադրիչի կասեցումը, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի գնահատմամբ, ոտնահարում է այդ քաղաքացիների իրավունքները: Սակայն ցավով նշում է, որ դա հանրային բողոքի առիթ չի դառնա:

«Մեր քաղաքացիները կխուսափեն՝ մտավախություն ունենալով, որ բողոքելու պարագայում կարող են կորցնել իրենց աշխատանքը»,-Panorama.am-ի հարցին ի պատասխան մանրամասնեց ՀԿ նախագահը:

Պիպոյանի խոսքով՝ պետական համակարգի աշխատակիցների մի ստվար զանգված կարողանում էր իր հանգիստը կազմակերպել հենց այս հնարավորության շրջանակում, քանի որ իրենց ստացած աշխատավարձը հնարավորություն չի տալիս հանգստի համար խնայողություններ ունենալ:

«Բացի այդ, այն նպաստում էր հյուրանոցային բիզնեսի ու տուրիզմի զարգացմանը»,-ասաց նա:
Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ նախագահն ուշադրություն է հրավիրում այն հիմքի վրա, որի պատճառով տեղի ունեցավ կասեցումը:

«Սա ամենաբացասական պրոցեսն է, որ ցավոք, հաճախ է կրկնվում մեր երկրում: Մենք փոխարեն պայքարենք չարաշահումների դեմ, վերացնում ենք դրական երևույթը: Չարաշահումների դեմ այսպես չենք պայքարում»,-նշեց Պիպոյանը:

Նրա խոսքով՝ կարելի էր առողջ վերահսկողություն իրականացնել, ինչն էլ կբերեր առողջ բիզնես միջավայրի ձևավորման, լավ վերահսկողության արդյունքում հստակ կտարաջատվեին բարեխիղճ ու անբարեխիղճ տնտեսվարողները: Պետք է իրականացնել այնպիսի վերահսկողություն, որ ողջ գործընթացը լինի թափանցիկ, ոչ թե մարդիկ զրկվեն այդ հնարավորությունից:

«Այս պարագայում անբարեխիղճ տնտեսվարողները դուրս կմնային դաշտից, իսկ բարեխիղճ տնտեսվարողների ֆինանսական հոսքերը կավելանային, կհասկանային, որ ստանում են պետության  աջակցությունը: Իսկ այս իրավիճակում, տուժում են այն տնտեսվարողները, ովքեր տարիներ շարունակ աշխատել են քաղաքակիրթ»,-ասաց Պիպոյանը:

Խնդիրը պատկերավոր ներկայացնելու համար, նա բերեց մի օրինակ. «Ենթադրենք մի ֆերմերի ջերմոցում կա բուժելի հիվանդություն: Պատկերացնո՞ւմ եք հիվանդության կանխարգելելու, այն  բուժելու փոխարեն, ֆերմերը բռնում է ու այրում է ողջ ջերմոցը: Նույն վիճակն է»:

ՀԿ նախագահը նշեց, որ լավ օրից չէ, երբ պետական համակարգի աշխատակիցները  հանգստանալու փոխարեն փաթեթներն առավել էժան գներով վաճառել են տուրիստական գործակալություններին:

«Տեսեք, ինչքան ծայրահեղ վատ վիճակում է գտնվում մարդը, որ օրինակ 70 հազար դրամի հանգիստը փոխանակում է 35 հազար կանխիկ դրամի հետ»,-նկատեց նա:

Հիշեցնենք, որ այսօրվա նիստում կառավարությունը հաստատել է ՀՀ 2017-2019թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որի հիմնական նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է: ՀՀ 2017-2019թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հիմք կծառայի նաև ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է սոցիալական փաթեթների հանգստի ոլորտում չարաշահումներին և հանձնարարել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին լրամշակել սոցիալական փաթեթների հանգստի բաղադրիչը՝ նվազագույնի հասցնելով բոլոր հնարավոր չարաշահումները, և ներկայացնել կառավարության քննարկմանը, իսկ մինչ այդ ժամանակավորապես միայն հանգստի բաղադրիչը կասեցնել:

Placeholder
Սպառողների իրավունքների պաշտպան. Չարաշահումների դեմ այսպես չեն պայքարում