Մայր թատրոնում ավարտվել են բեմա­կան մեխանիզմների վերազինման աշխատանքները
Մշակույթ
09:01 08/07/2016
Հայաստան

Մայր թատրոնում ավարտվել են բեմա­կան մեխանիզմների վերազինման աշխատանքները

Այս տարվա երկրորդ եռամսյակում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերազինման ծրագրի շրջանակում (տեխնիկական, ձայնային և լուսային վերազինում) ամբողջովին ավարտվել են բեմա­կան մեխանիզմների վերազինման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից: Ներդրվել են դեկորացիոն շարժաձողի, լուսային սոֆիտների, կետային վերելքի, հիմնական, «Առլեկին» և հակահրդեհային վարագույրների, ծխահեռացման, պտտվող բեմի համակարգերը, ներդրվել են ընդհանուր սերվերի, ծրագրային և ցանցային համակարգերը: 

Լուսային տեխնիկայի մասով ամբողջությամբ նորացվել է ղեկավարման վահանակը, դիմերային և ցանցային համակարգը, մալուխային ցանցը: Ձայնային սարքավորումների մասով ներդրվել է բեմի ղեկավարման, ներկայացման կառավարման և հեռարձակման, ներքին կապի, ինտերկոմ ծրագրային ապահովման համակարգերը՝ տարբեր սարքավորումներով /ականջակալ, խոսաձողեր և միկրոֆոններ, բարձրախոսներ, ձայնի ղեկավարման և ուժեղացման վահանակներ/: Ներկայում իրականացվում են բեմի տախտակամածի փոխարինման աշխատանքները, որից հետո կհղկվի դահլիճի հատակը և կտեղադրվեն հանդիսատեսի աթոռները: 

Նշենք, որ թատրոնում վերանորոգման աշխատանքները սկսվել են 2015-ի հոկտեմբերից:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային թատրոնի վերազինման ծրագրի շրջանակում Հայաստանի  մշակույթի նախարարության և «Վագներ-Բիրո Ավստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբրեններ Ստեյջթեք աուդիո վիդեո մեդիասիսթեմս Ջիէմբիեյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» և «Արթսթեք» ընկերությունների կոնսորցիումի միջև 2014 թվականին կնքվել  7 մլն եվրոյի ապրանքի և ծառայության մատուցման պայմանագիր 23 տարի մարման ժամկետով:

Placeholder
Մայր թատրոնում ավարտվել են բեմա­կան մեխանիզմների վերազինման աշխատանքները