Արցախում ծանր վիրավորված Հովհաննեսը սկսել է քայլել ու կատակներ անել
Առողջություն
10:50 09/07/2016
Հայաստան

Արցախում ծանր վիրավորված Հովհաննեսը սկսել է քայլել ու կատակներ անել

Արցախում մայիսի 13-ին ծանր վիրավորում ստացած Հովհաննես Պողոսյանը հենակների օգնությամբ արդեն փորձում է քայլել: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հովհաննեսի մայրը՝ Գայանե Ասատրյանը, երեկ մի քանի քայլ է արել, աստիճանաբար կփորձեն քայլերն ավելացնել:

«Հովհաննեսը դեռևս աջ կողմը չի շարժում, ձեռքը թույլ է, սակայն բժիշկները վստահեցնում են՝ ժամանակի ընթացքում կկարողանա շարժել»,- նշեց նա՝ հավելելով, որ եթե այսօր կարողանում է կանգնել և նույնիսկ մի քանի քայլ անել, ապա նման արդյունքի հասել են նաև մերսումների շնորհիվ. «Օրական 2-3 ժամ մերսումներ, բուժական ֆիզկուլտուրա են անում և արդյունքում մահացած բջիջները վերականգնվել են»:

Տիկին Գայանեի խոսքերով՝ բժիշկների ուշադրությունն ու հոգատարությունը ևս դրական է ազդում Հովհաննեսի առողջության վրա. «Հովհաննեսս հումորով տղա է, արդեն բժիշկների հետ կատակներ է անում»:

Զինծառայողի հետ աշխատում է նաև լոգոպեդը, եթե 10-15 օր առաջ փորձում էր բառեր արտաբերել, այսօր արդեն ամբողջական նախադասություններ է կազմում:

Տիկին Գայանեն վստահ է, որ որդին ինքնուրույն քայլելու է, պարզապես ժամանակ է պետք:

«Ամեն օր մի դրական փոփոխություն լինում է: Տղաս հրաշքով փրկեց ու վստահ եմ, որ որդիս քայլելով է տուն գալու»,- ասաց Հովհաննեսի մայրը:

Հիշեցենենք, որ 1995թ. ծնված Հովհաննես Պողոսյանը մայիսի 13-ին  ստացել է գանգուղեղի հրազենային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ հետո՝  Երևան: Ի դեպ Հովհաննեսը երկրորդ անգամ է վիրավորվել: Առաջին անգամ թեթև վնասվածք է ունեցել և նորից դիրքեր է բարձրացրել:

 

Placeholder
Արցախում ծանր վիրավորված Հովհաննեսը սկսել է քայլել ու կատակներ անել