«Մենք բոլորս քարացանք». «Զվարթնոց»-ի կլոր համալիրի, ճարտարապետների ջանքերի ու կոնցեսիոների պարտականությունների մասին
Իրավունք
12:25 09/07/2016

«Մենք բոլորս քարացանք». «Զվարթնոց»-ի կլոր համալիրի, ճարտարապետների ջանքերի ու կոնցեսիոների պարտականությունների մասին

««Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի սխեմայով բազմաթիվ շենքեր մենք արդեն կորցրել ենք: Եթե նման շարունակություն  լինի, նորից կկորցնենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Ասուլիսին ներկա ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ասաց, որ  օդանավակայանը Հայաստանի սեփականությունն է, այն չի նվիրվել կոնցեսիոներին, այլ տրվել է վարձակալության՝ պայմանով, որ նա անպայման բարվոք վիճակում պահի շենքը:

«Սակայն այս տարիների ընթացքում կոնցեսիոները կառուցեց նոր մասնաշենք, հրաժարվեց հին շենքից ու թողեց լքյալ վիճակում: Այս տարիների  ընթացքում կոնցեսիոները որևէ ներդրում չի արել այդ շենքի պահպանման համար, պետությունն էլ գումար չի ներդրել, քանի որ բյուջեն այդ հնարավորությունը չունի»,- ասաց Ս.Քալաշյանը:

Նա նշեց, որ այս տարիների ընթացքում քննարկումներ են եղել, ճարտարապետները կոնցեսիոների ներկայացուցիչներին  մանրասման ներկայացրել են, թե ինչ արժեք է ներկայացում այդ շենքը:

«Քար լռությամբ լսում էին, երբ ավարտեցինք մեր ասելիքները՝ սպասելով արձագանքին, ներկայացուցիչն ասաց, որ իրենք գիտեն, թե ինչ արժեք է ներկայացում շենքը: Մենք բոլորս քարացանք»,- նշեց ճարտարապետը:

Ս.Քալաշյանը հիշեցրեց, որ շենքի վերակառուցման, արդիականացման երկու-երեք նախագիծ կա, առանց քանդելու կարող են լուծել իրենց խնդիրը, սակայն երբեք չեն աշխատել կոնսեցիոների ճարտարապետների հետ՝ մշակելու վերջնական տարբերակը և պահպանելու ուղիներ գտնել համար, քանի որ նրանք  հրաժարվել են բանակցել ճարտարապետների հետ:

Ինչ վերաբերում է մշակույթի նախարարության արձագանքին՝ այս խնդրի հետ կապված, Մ. Մինասյանն ասաց, որ արդեն մեկուկես տարի է  ցուցակ են ուղարկել նախարարություն՝ առաջարկելով մի քանի կարևոր հուշարձան, այդ թվում նաև «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը, ընդգրկել պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, սակայն որևէ արձագանք չկա:

«Մասնավոր զրույցներում պարզապես անթաքույց ասում են, որ կառավարությունը հրահանգել է  հուշարձանների պահպանության ցանկը չընդարձակել, քանի որ քաղաքաշինական գործունեության համար մեծ խոչընդոտ է»,- ասաց Սաշուր Քալաշյանը:

Հիշեցնենք Երևանի քաղաքապետարանը ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թիվ 01/18-Ե-1157-82 թույլտվությունը:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնադրվել է 1961թ., նոր շենքը (կլոր) նախագծվել է 1974թ., շահագործման է հանձնվել 1982 թվականին, ճարտարապետներն են` Ա. Թարխանյանը, Ս. Խաչիկյանը, Ժ. Շեխլյանը, Լ. Չերքեզյանը: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011-ի աշնանը:

Placeholder
«Մենք բոլորս քարացանք». «Զվարթնոց»-ի կլոր համալիրի, ճարտարապետների ջանքերի ու կոնցեսիոների պարտականությունների մասին