Բրուցելոզի դեմ պայքարը համալիր մոտեցում է պահանջում. Անասնաբուժական տեսչության պետ
Առողջություն
13:44 12/07/2016
Հայաստան

Բրուցելոզի դեմ պայքարը համալիր մոտեցում է պահանջում. Անասնաբուժական տեսչության պետ

Հայաստանում բրուցելոզ  հիվանդությունը վերջին տարիներին փոքր-ինչ աճ է արձանագրել: Այս մասին այսօր Երևանում ընթացող «Բրուցելոզի կառավարման արդիական խնդիրները Հայաստանում և Վրաստանում, միջսահմանային համագործակցություն» թեմայով աշխատաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ գյուղատնտեսության նախարարության  Սննդամթերքի անվտանգության պետական  ծառայության  անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

Նշենք, որ աշխատաժողովը կազմակերպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը «Տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի անասնաբուժական ծառայություններին» ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է հզորացնել անասնաբուժական ծառայությունների հանրային ոլորտը՝  նպաստելով  սննդի անվտանգության համակարգի և գյուղատնտեսության կայուն զարգացման բարելավմանը:

Ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության կողմից և իրականացվում  ՊԳԿ-ի և  ՌԶԳ-ի կողմից:  Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում  է 724 324 ԱՄՆ դոլար: Ծրագրի անմիջական շահառուներն են ֆերներներն ու Սյունիքի  մարզի գյուղական համայնքների բնակչությունը:

Հովհաննես Մկրտչյանը նշեց, որ աշխատաժողովի նպատակն է քննարկել առկա խնդիրները, բրուցելոզի դեմ պայքարի հարցերը:

«Միանշանակ է, որ բրուցելոզի դեմ պայքարը համալիր մոտեցում է պահանջում: Եթե մենք հիվանդ կենդանիներ չունենանք, չեն լինի կենդանական ծագմամբ վարակված մթերքներ և մարդկանց շրջանում էլ հիվանդացությունը կտրուկ կնվազի»,- ասաց  Հովհաննես Մկրտչյանը՝ հավելելով, որ բրուցելոզի դեմ պայքարում շատ կարևոր են կանխարգելիչ աշխատանքները՝  հիվանդ կենդանուն սանիտարական սպանդի ենթարկելու միջոցով:

Նրա խոսքով, շատ կարևոր է նաև կենդանիների պատվաստումը: Ներկայացնելով Սյունիքի մարզում իրականացված «Տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի անասնաբուժական ծառայություններին» ծրագրի արդյունքները՝  նշեց, որ որպես պիլոտային մարզ ընտրվել է Սյունիքը, քանի որ այնտեղ ավելի հաճախ էին բրուցելոզի դեպքեր գրանցվում: 

Սյունիքում բրուցելոզի դեմ պատվաստում իրականացրել են 2009 թվականից, երբ կենդանիների 0,2%-ը վարակված էր բրուցելոզով: «Այսօր մենք ունենք մոտավորապես նույն պատկերը, բայց դա չի նշանակում, որ պատվաստումը պետք է բերեր զրո տոկոսի: Փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ պատվաստման դեպքում որոշ երկրներում 30-40 տարի հետո են հասել դրական արդյունքի»,- ասաց Հովհաննես Մկրտչյանը:

Ներկայացնելով ընդհանուր վիճակը՝ ՍԱՊԾ Անասնաբուժական տեսչության պետը հայտնեց, որ 2015թ-ին հանրապետությունում սանիտարական սպանդի է ենթարկվել բրուցելոզով հիվանդ  909  խոշոր և 603  մանր եղջերավոր կենդանի:

«Միայն հարկադիր սպանդի դեպքում կկարողանանք խուսափել վարակի տարածումից, սակայն շատ հաճախ գյուղացիական տնտեսությունները խոչընդոտում են, չեն հավատում լաբորատոր արդյունքներին  և փորձում են վաճառել հիվանդ կենդանուն: Մինչդեռ հիվանդ կենդանու առկայությունը առաջին հերթին վտանգավոր է իրենց համար, քանի որ վարակը կարող է փոխանցվել նաև առողջ կենդանիներին»,- ասաց Հովհաննես Մկրտչյանը:

Նշվեց նաև, որ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները դեռ ամփոփվում են, բայց նախնական տվյալներով՝ հանրապետությունում սանիտարական սպանդի է ենթարկվել  350 խոշոր և 200 մանր եղջերավոր կենդանի:

Ի դեպ, Անասնաբուժական տեսչության պետը նշեց, որ Տավուշում և Լոռիում բրուցելոզի դեպքեր հազվադեպ են գրանցվում, առավել հաճախ գրանցվում են Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերում:

Placeholder
Բրուցելոզի դեմ պայքարը համալիր մոտեցում է պահանջում. Անասնաբուժական տեսչության պետ