Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տնտեսագետ. ԵՄ և Մերձավոր Արևելքի արանքում ստեղծվում է տնտեսական ենթատարածաշրջան
«Այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական իրավիճակը փոխվում է՝ կապված Իրանի, Արևմուտքի ազդեցությամբ: Սա ենթադրում է, որ ձևավորվելու են տրանսպորտային նոր ուղիներ, ստեղծվելու են միջազգային տրանսպորտային ուղիներ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:
Նրա խոսքով, Իրանը շահագրգռված է Սև ծովի միջոցով դուրս գալ եվրոպական շուկաներ, ԵՄ-ն նույնպես շահագրգռված է դուրս գալ Իրան Կովկասի միջոցով. «Այս առումով Հայաստանն ու Վրաստանը դառնում են այդ միջանցքի կարևոր օղակները: Պատահական չէ, որ ներգրավվում են սևծովյան այլ երկրներից Բուլղարիան, Հունաստանը: Ըստ էության, Եվրամիության և Մերձավոր Արևելքի արանքում ստեղծվում է տնտեսական ենթատարածաշրջան»:
Միաժամանակ նա հավելեց, որ ՌԴ-ն շահագրգռված չէ Իրանի մուտքով տարածաշրջան:
Տնտեսագետն ասաց, որ նախկինում տարածշրջանային նախագծերից Հայաստանը դուրս է մնացել, որովհետև դրանք հիմնականում էներգետիկ կոմունիկացիաներ են եղել, այլ ոչ թե ճանապարհային. «Դուրս է մնացել նաև այն առումով, որ խտրական վերաբերմունք են ցուցաբերել Թուրքիան և Ադրբեջանը»:
Ըստ նրա, Հայաստանն այնպիսի պետություններից է, որ ելք ծով չունի, իսկ նման պետությունները թույլ են իրենց հնարավորությունների առումով: Տնտեսագետի խոսքով, արգելքները հաղթահարելու համար կան մի քանի ուղիներ, որոնցից է նաև տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը:
Միաժամանակ Ա.Եղիազարյանը հավելեց, որ Հայաստանն ունի խնդիրներ այդ ուղիները հաղթահարելու համար. չի կարողանում կառուցել նոր երկաթգիծ Իրանի հետ, երկաթուղին անմրցունակ է նույնիսկ ավտոմոբիլային ճանապարհների հետ, Հայաստանն ու Վրաստանը տնտեսական այլ միությունների անդամ են, այլ կարգավորումներ են, հնարավոր է իրավական պատ առաջանա: