Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքագետ. Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի իրականացման հետևում կարող են լինել արտաքին ուժեր
Թուրքիայում գիշերը տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձը մեծ հաշվով անակնկալ էր: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Թուրքագետը փաստում է, չնայած հեղաշրջման փորձը ձախողվեց, սակայն լուրջ զարգացումները դեռ առջևում են. «Սա լուրջ մարտահրավեր էր Էրդողանի համար: Մասնավորապես, ակնհայտ դարձավ, չնայած բանակի բարձրագույն հրամանատարությունը հավատարիմ ու լոյալ է Էրդողանի նկատմամբ, սակայն բանակի ներսում կան խմբավորումներ, որոնք պատրաստ են նման գործողությունների»:
Նա համարում է՝ փորձը կանխվեց, որովհետև բարձրագույն հրամանատարությունը Էրդողանին հավատարիմ էր, բացի այդ, զինված հեղաշրջում իրականացնողները զրկված էին քաղաքական ու քաղաքացիական աջակցությունից, լայն հնարավորություններից ու լծակներից: Բացի այդ էլ Էրդողանի կոչով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց:
Թուրքիայի իշխանությունները զինված հեղաշրջման փորձի իրականացումը կապում են Ֆեթուլլահ Գյուլենի հետ, մինչդեռ թուրքագետը չի բացառում, որ իրադարձությունների հետևում արտաքին ուժեր կան. «Դեռևս վաղ է ասել, բայց ակնհայտ է, որ սրա հետևում կարող են լինել որոշակի արտաքին ուժեր»:
Եթե Թուրքիայի նախագահին հաջողվի այս իրավիճակից դուրս գալ, ապա դա կլինի Էրդողանի մի նոր հաղթարշավ, իշխանությունն ավելի կամրապնդի, երկրի ներսում հնարավորություններն ավելի կընդլայնվի: Երկրի ներսում էյֆորիան դեռ կպահպանվի, Էրդողանի կողմնակիցները դեռ կմնան փողոցում:
Հարցին, թե գիշերվա իրադարձություններն ինչ ազդեություն կունենան երկրի տնտեսականվիճակի վրա, Հովեսփյանը փաստեց. «Լիրան արագ տեմպերով այս պահին էլ արժեզրկվում է, տնտեսությունն անշուշտ կտուժի: Իրադարձությունները բացասաբար կազդեն այդ երկրի տնտեսական գրավչության վրա: Բացի այդ, դեռ որոշ ժամանակ լարված գործընթացներ կլինեն Թուրքիայում, ինչը կազդի տարբեր միջպետական ու տարածաշրջանային նախագծերի իրականացման վրա»: