Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ներսում գտնվող մարդկանց նկատմամբ այս պահի դրությամբ հատուկ միջոցառում ծրագրված չէ իրականացնել. Հունան Պողոսյան
Երևանի Ազատության հրապարակում մի խումբ քաղաքացիներ հանրային քննարկում էին անում՝ ներկա իրավիճակի, հետագա քայլերի հետ կապված: Առաջարկ հնչեց երթով շարժվել դեպի ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք: Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը ակտիվիստ Դավիթ Սանասարյանին տեղեկացրեց, որ ակցիա կարող են իրականացնել, բայց երթի թույլտվություն չեն տալու:
«Իրավիճակն այնպիսին է, որ պետք է այնպես անել, որ որևէ քաղաքացի օրենքը չխախտի»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք մտավախություն ունեն, որ անկարգություններ կլինեն, Երևանի ոստիկանապետն ասաց. «Անկարգ, օրենքը խախտող մարդկանց մոտ գնացողները կարող են անկարգություններ անել»:
Հավաքված մարդկանց հետ խոսեց Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Երբ քաղաքացիները բողոքեցին ոստիկանների կողմից բռնություններից, փոխոստիկանապետը խոսք տվեց, որ այն ոստիկանները, ովքեր խախտել են օրենքը, քաշքշել քաղաքացիներին, անպայման կպատժվեն: Նա նշեց, որ ամենաշահագրգռվածներն իրենք են, որ արյունահեղություն, կամ որևէ բան չլինի՝ 2-3 օրվա իրենց գործողությունները խոսում են այդ մասին:
«Գնում են բանակցություններ, նորմալ վիճակ է: Բանակցությունների արդյունքում պատանդներ են արձակվում: Ներսում գտնվող մարդկանց նկատմամբ այս պահի դրությամբ հատուկ միջոցառում ծրագրված չէ իրականացնել»,- նշեց փոխոստիկանապետը: