ՊՊԾ գունդը շարունակվում է մնալ զինված խմբի ձեռքում
Իրավունք
09:59 18/07/2016
Հայաստան

ՊՊԾ գունդը շարունակվում է մնալ զինված խմբի ձեռքում

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում արդեն մեկ օրից ավելի է զինված «Սասնա ծռեր» խումբը պատանդ է պահում մի խումբ ոստիկանների: Գիշերն անցել է առանց որևէ միջադեպի, ոստիկանական ուժերը շրջափակված են պահում տարածքը: Գիշերը  ՊՊԾ գնդի տարածք է գնացել  ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, մի քանի րոպե զրուցել տարածքը հսկող ոստիկանների հետ:

Զինված խումբը պատանդների ազատման դիմաց պահանջում են ազատ արձակել  մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

ԱԱԾ-ն հայտարարել է, որ բանակցությունների միջոցով  իրավասու պետական մարմինների ներկայացուցիչները փորձում են համոզել ահաբեկիչներին զերծ մնալ մարդկանց կյանքը և առողջությունը վտանգող հետագա գործողություններից, ազատ արձակել պատանդներին, վայր դնել զենքը և առանց դիմադրության հանձնվել իշխանություններին:

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին խորհրդակցություն էր անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ:  Ընդգծվել էր, որ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար:

ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետևանքով նախօրեին սպանվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: 4 հոգի վիրավոր են:

 

Placeholder
ՊՊԾ գունդը շարունակվում է մնալ զինված խմբի ձեռքում