Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Եթե նրանք հայտարարեին, որ միայն եկել են Ժիրայր Սեֆիլյանին ազատեն, կհասկանայի, որ սա ընկերական կամ ռազմական պատվախնդրության հարց է, բայց քանի որ բարձրացնում են հրաժարականի և նոր ընտրությունների՝ ժողովրդավար համակարգի ստեղծման հարց, ապա դա դասական խռովության նշան է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ անդրադառնալով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործողություններին:
Նրա խոսքերով՝ այդ գործողությունները ահաբեկչություն կարելի է համարել այնքանով, որ նրանք որպես թիրախ վերցրել են ոչ թե բուն մեղավոր կողմին, այլ՝ երկրորդական դեմքերին, որոնք առնչություն չունեն այդ խնդրի հետ:
Ահարոն Ադիբեկյանը չի կարծում, որ «Սասնա ծռեր»-ի քայլերը ի վերջո կբերեն նրան, որ ժողովուրդը ոտքի կանգնի:
«Սոցհարցումները ցույց են տվել, որ հայ ժողովուրդը հեղափոխական չէ: Հարցին՝ եթե ձեր հիմնական իրավունքները ոտնահարվել են, ապա ինչ քայլերի կդիմեք, 17 տոկոսը պատասխանել է՝ դուրս կգան փողոց ու ուժով կպաշտպանեն իրենց իրավունքները, 25 տոկոսը՝ հանրահավաք, ստորագրահավաք կանցկացնի: Մնացածը՝ թամաշա անողներ են: Ուրեմն այս ժողովրդին հանել ոտքի ընդդեմ իշխանության, անհնար է, քանի որ դա մեր բնույթը չէ: Մնում է միայն մեկ ճանապարհ՝ գնալ տեռորի»,- ասաց Ա.Ադիբեկյանը:
Սոցիոլոգը տեռորը միայն որպես բացասական երևույթ չի գնահատում: Տեռորը, ըստ նրա, թույլի ուժն է ուժեղի դեմ. «Եթե ուժեղն անբարոյական է, վատն է կամ մարդասեր չէ, և այլն, տեռորն արդարացված է: Հակառակ դեպքում տեռորը ոչ մի արդարացում չունի այն տեսակետից, որ զոհվում են մարդիկ, որոնք անմիջական կապ չունեն այն խնդրի հետ, որ իրենք փորձում են լուծել»:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ առանձին իրավիճակներում ցանկացած ժողովուրդ կարող է հեղափոխական դառնալ, և նախ զանգվածները պետք է հավատան, որ իրենք բավարար ուժեղ առաջնորդի կոչով են ելնում ոտքի և պետք է վստահեն այդ առաջնորդին:
Նրա խոսքերով՝ վստահության պակասն ու հավատի բացակայությունը, որ լիդերը բավարար ուժեղ է, ինչ-որ տեղ ձեռնպահ էին պահում ժողովրդին խռովություններից և իշխանության դեմ զանգվածաբար հանդես գալուց:
«Կոնկրետ այս դեպքում թերահավատությունը շատ մեծ էր, եթե նույնիսկ որոշ մասի մոտ կար համակրանք «Սասնա ծռեր»-ի նկատմամբ, ապա դա երեք օր առաջ ավելի պասիվ էր: Կարծում եմ՝այդ պասիվ համակրանքն այդպես էլ կմնար, բայց ինձ թվում է՝ շատ կարևոր է վերլուծել, թե ինչ կատարեց իշխանությունը, ինչի հետևանք էր այն, ինչ սկսվեց երեկվանից: Դա հենց իշխանությունների գործողությունների հետևանքն էր: Եթե երեք օր առաջ մենք ունեինք մեկ թեմա՝ Սէֆիլյանին ազատել, ապա երեկ միգուցե առաջին շարք դուրս եկավ մեկ այլ թեմա՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումների թեման ոստիկանության կողմից, և այստեղ արդեն շահագրգռված և ակտիվ մասնակիցների քանակը կտրուկ մեծացավ»,- ասաց Բորիս Նավասարդյանը:
Նրա խոսքերով՝ իշխանություններն այսօր ավելի լուրջ խնդրի առաջ են կանգնած, քան երեք օր առաջ: Ըստ նրա՝ եթե երեք օր առաջ ուղղակի պետք էր բանակցությունների միջոցով ինչ-որ հանգուցալուծում գտներ այս ուժային գործողությունների դեմ, այսօր պետք է հասկանալ՝ ինչ կարելի է անել ակտիվացած հասարակության հետ, որը չի վստահում իշխանություններին, որը միգուցե պասիվ ձևով իշխանափոխություն է ցանկանում և, թեև չունենալ հստակ ծրագիր և առաջնորդներ, ամեն դեպքում տրամադրությունները իշխանությունների համար շատ ավելի վտանգավոր են:
«Կարծում եմ, որ այս դեպքում իշխանությունը կկիրառի իր ավանդական մեթոդը՝ ոչ թե բռնի ուժով մարդկանց կմեկուսացնի, այլ կհոգնեցնի նրանց և չունենալով լիդեր և գաղափարներ, նրանք գնան տուն»,- նշեց Բորիս Նավասարդյանը:
Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ գտնում է, որ իշխանությունը վախենում է ծայրահեղ քայլերի գնալ, քանի որ այդ դեպքում մեծ թվով մարդիկ ոտքի կկանգնեն: Նրա խոսքերով՝ բանակցությունների միջոցով հարցը լուծում կստանա:
«Կարծում եմ, որ չհրապարակվող բանակցություններ կլինեն, իշխանության կողմից խոստումներ կլինեն, ներքին համաձայնություն կլինի և կհանձնվեն: Տղաների վրա հարձակման չեն գնա»,- ասաց հոգեբանը:
Բորիս Նավասարդյանն էլ նշեց, որ բանակցություններն արդյունավետ կլինեն:
«Բանակցություններով ամեն ինչ արվում է, որ արյունահեղություն չլինի: Ես բանակցություներին այլընտրանք չեմ տեսնում, թեև դա երկար կարող է տևել, բայց դա այն գինն է, որ պետք է պատրաստ լինեն իշխանությունները վճարել»,-ասաց Բորիս Նավասարդյանը:
Ահարոն Ադիբեկյանն էլ կարծում է, որ երկու կողմն էլ զիջումների չեն կարող գնալ:
«Զիջումն իշխանության կողմից նշանակում է, որ ապագայում դու կարող ես այս ճանապարհով որոշումների վրա ազդել, իսկ եթե տղաները զիջեն, ապա կստացվի, որ նրանք հերոս չեն»,- եզրափակեց նա:
Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններին և նրանց հոգեվիճակին, հոգեբան Սամվել Խուդոյանն ասաց, որ իրենց մոտ չարդարացված էյֆորիա է:
«Ես այդ մարդկանց ընկալում եմ ինքնազոհաբերության գնացող մարդիկ, կարծեք իրենք իրենց մատաղ են անում և իրավիճակը ոչ այնքան սթափ են գնահատում, քանի որ այն ժամանակը չէր, որ նման բան կարելի էր անել»,-ասաց հոգեբանը: