Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եվրոպոլ. 2015 թվականին ԵՄ-ում ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է ավելի քան հազար մարդ
Եվրոպական Միությունում 2015 թվականին ահաբեկչության կասկածանքով ավելի քան հազար մարդ է ձերբակալվել: «ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ այս մասին նշված է Եվրամիության ոստիկանական ծառայության՝ Եվրոպոլի «Իրավիճակը և միտումները. ահաբեկչությունը ԵՄ-ում» զեկույցում։
Փաստաթղթում մասնավորապես ընդգծվում է, որ «2015 թվականին Ֆրանսիան դարձել է ահաբեկչությունից առավել տուժած երկիր»: Այստեղ էլ իրականացվել են ձերբակալությունների մեծ մասը՝ 1077 մարդուց 424-ը ձերբակալվել է հենց Ֆրանսիայում:
«Այդ 1077 մարդուց ճնշող մեծամասնությունը՝ 94 տոկոսը մեղավոր է ճանաչվել և ազատազրկվել է»,- ասվում է փաստաթղթում:
Դրանից բացի՝ զեկույցում ասվում է, որ չստացված և կանխված կամ իրականացված ահաբեկչությունների թիվը Եվրոպայի երկրներում անընդհատ մեծանում է: 2013 թվականի 152-ից այդ թիվը 2015 թվականին դարձել է 211: 2015 թվականին ընդհանուր առմամբ ահաբեկչությունների հետևանքով ԵՄ-ում զոհվել է 151 մարդ, ևս 360-ը վիրավորվել և վնասվածքներ են ստացել:
Ինչ վերաբերում է 2016 թվականին, Եվրոպոլը երկու հիմնական մտահոգիչ միտումներ է նշում: «Իրավիճակն ավելի է բարդանում օտարերկրյա զինյալների զգալի թվի վերադարձով պայմանավորված: Ինչպես նաև ամբողջ ԵՄ-ում զգալի աճ կա ազգայնական, ռասիստական և հակասեմական տրամադրությունների, որին համապատասխան աճում է նաև աջ ծայրահեղականների կողմից հարձակումները»: