ՀՀ պատմամշակութային ժառանգությունը իրապես դիտարկվում է որպես եվրոպական ժառանգության անբաժանելի մի մասնիկ. նախարար
Քաղաքական
14:31 21/07/2016
Հայաստան

ՀՀ պատմամշակութային ժառանգությունը իրապես դիտարկվում է որպես եվրոպական ժառանգության անբաժանելի մի մասնիկ. նախարար

Երերույք հնագիտական հուշարձանն ու Անիպեմզա գյուղը «7 առավել վտանգված» հուշարձանների ծրագրում ընդգրկելը վկայությունն է այն բանի, որ Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը իրապես դիտարկվում է որպես եվրոպական ժառանգության անբաժանելի մի մասնիկ: Նմանատիպ ծրագրերի իրականացումն առավել քան արդիական է Հայաստանի նման հարուստ մշակութային ժառանգություն ունեցող երկրի համար,- «Եվրոպա Նոստրա» կազմակերպության և Եվրոպական ներդրումների բանկ-ինստիտուտի փորձագետների հետ հանդիպմանն ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Մշակույթի նախարարության հաղորդմամբ, փորձագետները Հայաստան են ժամանել «Երերույք-Անիպեմզա» ծրագրի մեկնարկի առիթով:

Նախարարի խոսքով,  «Երերույք-Անիպեմզա» ծրագիրը պետք է իրականացվի մի քանի ուղղություններով՝  հուշարձանի վերականգնում, համապատասխան ենթակառուցվածքների, զբոսաշրջության զարգացում, բնակչության կարիքներին ուղղված ենթածրագրերի իրականացում:

Հ. Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու փորձագետների աշխատանքին, այնուհետև հյուրերին ներկայացրել է մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը, ոլորտում առկա ձեռքբերումները և առաջնահերթությունները:

ՀՀ մշակույթի նախարարը հատուկ ընդգծել է միջազգային կազմակերպությունների հետ այս ոլորտում արդեն իսկ ձևավորված համագործակցությունը՝ նշելով, որ Հայաստանը շահագրգիռ և պատրաստակամ է այդ համագործակցությունն ընդլայնելու հարցում:

Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ներկայացված են՝ Դվին քաղաքի հնագիտական վայրը (1995 թ.), Երերույքի բազիլիկը և հնագիտական վայրը (1995 թ.), Նորավանքը և Ամաղուի վերին հովիտը (1996 թ.), Տաթևի և Անապատ վանական համալիրներն ու Որոտանի հովտի հարակից տարածքները (1995 թ.):

Հյուրերը տեղեկացրել են, որ իրենց փորձագիտական առաքելությունը միտված է ինչպես հուշարձանի վերականգնմանը, այնպես էլ վերջինիս շուրջ հնարավոր ենթակառուցվածքների զարգացմանը, ինչն իր հերթին կխթանի զբոսաշրջությունն ու կաշխուժացնի համայնքային կյանքը Հայաստանում:

Հիշեցնենք, որ Երերույք հնագիտական հուշարձանը և Անիպեմզա գյուղը ս. թ. մարտի 16-ին Վենետիկում կայացած «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության ժամանակ ներառվել են «7 առավել վտանգված»հուշարձանների ցանկում: Ծրագրի հայտը ներկայացրել է Եվրոպա Նոստրայի անդամ՝ «Հայկական մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնը»:

Placeholder
ՀՀ պատմամշակութային ժառանգությունը իրապես դիտարկվում է որպես եվրոպական ժառանգության անբաժանելի մի մասնիկ. նախարար