Խորենացիում զանգվածային անկարգությունների դեպքով քրգործ է հարուցվել, կան ձերբակալվածներ
Իրավունք
12:00 21/07/2016

Խորենացիում զանգվածային անկարգությունների դեպքով քրգործ է հարուցվել, կան ձերբակալվածներ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում  ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ հուլիսի 20-ի ուշ երեկոյան  տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ:

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հուլիսի 20-ին` ժամը 22:15-ի սահմաններում, մի խումբ ցուցարարներ կատարել են անկարգություններ, որոնք ուղեկցվել են գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը:

Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»:

Ըստ աղբյուրի, կազմվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են քննիչներ տարածքային ստորաբաժանումներից։ ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է քննչական խմբին՝ ապահովել քրեական գործի նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը։

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ: Ներբեռնվել և ուսումնասիրվում են անկարգությունների վերաբերյալ համացանցում առկա տեսանյութերը:

Հուլիսի 21-ին` ժամը 08-ի դրությամբ, զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով  բերման է ենթարկվել 28 անձ, որոնցից 16-ը՝ ձերբակալվել:

Քրեական գործով նախաքննությունը, ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ, շարունակվում է ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։ Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար:
 

Placeholder
Խորենացիում զանգվածային անկարգությունների դեպքով քրգործ է հարուցվել, կան ձերբակալվածներ