Կառավարության՝ պարտք ներգրավելու մոլուցքը սահմաններ չունի. ՀԺ
Օրվա մամուլ
09:43 22/07/2016
Հայաստան

Կառավարության՝ պարտք ներգրավելու մոլուցքը սահմաններ չունի. ՀԺ

Երեկ կառավարությունը  մի որոշում է ընդունել, որի արդյունքում կկարողանա ավելի շատ պարտքեր կուտակել։ Ըստ այդ որոշման՝ մեր պետական պարտատոմսերը առավել հասանելի կդառնան օտարերկրյա ներդրողների համար և ավելի շատ «կվաճառվեն». Գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Մինչ այդ կառավարությունը պետական պարտատոմսեր էր թողարկում, կամ պարզ ասած՝ «վաճառում», և որոշ ժամանակ անց այդ «վաճառված» պարտատոմսերը ետ գնում, «գնորդներին էլ»  տոկոս տալիս։  Այդ գնորդները հիմնականում մեր բանկերն էին։ Բայց մեր պետական պարտատոմսերի ներկայիս կարգավիճակը սահմանափակում է դրանց «վաճառքի» ծավալը։

Նոր կարգավիճակ ստանալով՝ մեր պետական պարտատոմսերը ավելի շատ  «կվաճառվեն», և կառավարությունը հնարավորություն կունենա ավելի շատ պարտք ներգրավել։ Պարտք ներգրավելու նոր աղբյուրներ փնտրելու ու գտնելու՝ կառավարության այս մոլուցքը, թվում է, սահմաններ չունի։ 

Նշենք, որ մեր պետական պարտքը արդեն գերազանցում է  5.2 միլիարդ դոլարը։ Իսկ միայն ներքին շուկայից պետական պարտատոմսերի միջոցով  ՀՀ կառավարությունը այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում  ներգրավել է 90 միլիոն  դոլարի պարտք։ Պարտքեր ներգրավելը շատ լավ է ստացվում, իսկ դրանք փակելու խնդիրը անլուծելի»-գրել է թերթը:

Placeholder
Կառավարության՝ պարտք ներգրավելու մոլուցքը սահմաններ չունի. ՀԺ