Մրցանակ հայկական հուշարձաններին՝ անտեսված ու վտանգված լինելու համար
Մշակույթ
15:42 22/07/2016
Հայաստան

Մրցանակ հայկական հուշարձաններին՝ անտեսված ու վտանգված լինելու համար

Հայկական մշակութային ժառանգությունը խորապես վերաբերում է Եվրոպայի արմատներին: Շինություններն աղերսներ ունեն, օրինակ, հռոմեական ճարտարապետության հետ: Հայկական մշակութային ժառանգությունը դարերի ընթացքում տարածվել է լայն տարածքների վրա: Առանց գլոբալ մոտեցման հայկական մշակութային ժառանգությունն ընկալել դժվար է, հնարավոր չէ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրոպա Նոստրայի» «7 առավել վտանգված հուշարձաններ» ծրագրի գիտական խորհրդի անդամներ Պաոլո Վիտտին:

Նա նշեց, որ մշակութային ժառանգությունը մարդկանց հիշողությունն է. «Մենք ուզում ենք պահպանել  մարդկության և բոլոր ժողովուրդների հիշողությունը: Սա շարունակական պրոցես է»:
Պաոլո Վիտտին ընդգծեց, որ հայկական մշակութային ժառանգության կարևորությունը Եվրոպայի համատեքստում անգնահատելի է:

Հիշեցնենք, որ Երերույք հնագիտական հուշարձանը և Անիպեմզա գյուղը  մարտի 16-ին՝ Վենետիկում կայացած «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության ժամանակ ներառվել են «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում: Ծրագրի հայտը ներկայացրել է «Եվրոպա Նոստրայի» անդամ՝ Հայկական մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնի կողմից: Հուլիսի 19-23-ը Հայաստանում են գտնվում «Եվրոպա Նոստրա» կազմակերպության և Եվրոպական ներդրումների բանկ-ինստիտուտի մի խումբ փորձագետներ, ովքեր պաշտոնապես կազդարարեն «Երերույք-Անի պեմզա» ծրագրի մեկնարկը, որը կիրականացվի ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ասուլիսին ներկա «Եվրոպա Նոստրայի» «7 առավել վտանգված հուշարձաններ» ծրագրի  հիմնադիր, խորհրդի անդամ Գայ Կլաուսն ասաց, որ մրցանակը տրվում է ոչ թե  որպես կատարված աշխատանքի գնահատական կամ նախկին ձեռքբերումների համար, այլ կոչ է՝ ակտիվացնել, աշխուժացնել հետագա աշխատանքները և փրկել վտանգված հուշարձանը:

«Իսկ ինչո՞ւ է վտանգված: Որովհետև  բացիթողի վիճակում է գտնվում: Ինչո՞ւ է բացիթողի վիճակում հուշարձանը, որովհետև մոռացված է, անտեսված»,- նշեց նա:

Գ. Կլաուսի խոսքով, հուշարձանն ընդգրկելով այս ցանկում՝ «Եվրոպա նոստրա» կազմակերպությունը ծրագրերի միջոցով խթանում է տվյալ հուշարձանի տեսանելիությունը, ինչը բերում է նաև հուշարձանի վերականգնմանը: Ըստ նրա, կազմակերպությունն համագործակցում է Եվրոպական ներդրումային բանկի հետ, միասին մշակում են փրկարարական և վերականգնողական ծրագրեր, այսինքն՝ մշակվում է հնավայրը փրկելու բիզնես պլան:

Պատասխանելով իր իսկ հարցին, թե ինչո՞ւ է այս ամենը արվում,  ասաց. «Մշակութային ժառանագությունը մի շարք դրական անդրադարձ, ազդեցություն ունի, մշակույթն ինքնին արդեն սոցիալական ասպերեզում ունի դրական դրսևորում: Նաև բնապահպանական, տնտեսական անդրադարձ է ունենում»:

Ասուլիսին ներկա մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանն ասաց, որ  Անիպեմզա գյուղը, որը գտնվում է Երերույքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, կառուցվել է խորհրդային տարիներին՝  մերձակա արդյունաբերական համալիրի աշխատակիցներին բնակարաններով ապահովելու նպատակով: Այն իր մեջ ներառում է մի քանի բնակելի տներ, դպրոց և այլ հասարակական շենքեր:

«Օրինակելի  բնակավայր է, այսօր աշխատատեղերի կարիք ունի: Անիպեմզան ունի այն պոտենցիալը, որ հնարավոր է դարձնել զբոսաշրջային կենտրոն: Այս ծրագրի շրջանակում քաղաքը նոր շունչ կստանա»,- ասաց փոխնարարը:

Երերույք եռանավ բազիլիկ տաճարը, որը կառուցվել է 6-րդ դարում, Հայաստանի հնագույն քրիստոնեական հուշարձաններից է, ամենատպավորիչ ճարտարապետական համալիրներից մեկը, որն իր մեջ ներառել է նաև մի քանի պաշտամունքային կառույցներ և գյուղական տներ: Բազիլիկ տաճարը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում:

«Եվրոպա Նոստրայի» «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկը ձևավորվում է տարբեր ոլորտների միջազգային փորձագետների (պատմություն, հնագիտություն, ճարտարապետություն, պահպանություն, ծրագրերի վերլուծություն և ֆինանսներ) կատարած ուսումնասիրությունների եզրակացությունների հիման վրա: Առավել վտանգված հուշարձանների և տեսարժան վայրերի ցանկում ընդգրկված են նաև եվրոպական 7 երկրից: 

«Եվրոպա Նոստրան» 42 երկրի դաշինք է, Հայաստանն անդամակցում է 2012 թվականից: «Եվրոպա Նոստրա» ՀԿ-ն  մշակութային ժառանգության ոլորտում եվրոպական ամենահայտնի և նշանակալի կազմակերպությունն է, որը քարոզում է մշակութային ժառանգության, բնական հուշարձանների, բնության պահպանություն Եվրոպայի  ողջ տարածքում:

Նշենք, որ ասուլիսի հետո տեղի ունեցավ «Երերույք և Անիպեմզա, անցյալի հիշողություններ, առօրյա կյանք և ապագայի երազանքներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացված էին «Երերույք-Անիպեմզա» ծրագրի ընթացքում հայտարարված լուսանկարչական մրցույթի, ավելի քան 40 աշխատանք: Մրցույթի նպատակն էր ներկայացնել Երերույք հնագիտական վայրը և նրա շրջակայքում ապրող մարդկանց, վեր հանել ու արժևորել Շիրակի մարզի այս հատվածի առավել հետաքրքիր բնապատկերները: Ցուցահանդեսի շրջանակում հայտարարվեց մրցույթի հաղթողների անունները, ովքեր արժանացան դրամական պարգևների: Մրցույթին մասնակցած լավագույն լուսանկարները կտեղադրվեն «Երերույք-Անիպեմզա» ծրագրի կայքէջում:
Լուսանկարչական ցուցահանդեսի բացումից անմիջապես հետո հրավիրվեց «Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նախագծերը, միջոցներն ու գաղափարները» խորագրով կլոր սեղանը: 

Placeholder
Մրցանակ հայկական հուշարձաններին՝ անտեսված ու վտանգված լինելու համար