ՀՀ Նախագահը դատաիրավական բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել
Իրավունք
15:13 22/07/2016
Հայաստան

ՀՀ Նախագահը դատաիրավական բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել: Պատասխանատու մարմինների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է Հանրապետության Նախագահի կարգադրությամբ հաստատված ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի կատարման վիճակը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, ռազմավարական ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ձևավորել ժամանակակից ժողովրդավարական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգ և դատական իշխանություն:

Երկրի ղեկավարը նշել է, որ ռազմավարական ծրագիրը մեր իրավական և դատական համակարգի զարգացման համար էական նշանակություն ունեցող փաստաթուղթ է, և դրա պատշաճ իրականացումը խիստ կարևոր է բարեփոխումների շարունակականությունն ապահովելու համար:

Քննարկման արդյունքներով արձանագրվել է, որ ծրագրի կատարման շուրջ չորս տարիների ընթացքում եղել են ինչպես դրական ձեռքբերումներ, այնպես էլ լուրջ թերացումներ և բացթողումներ:

Խորհրդակցության ավարտին Հանրապետության Նախագահը պատասխանատու մարմինների ղեկավարներին հանձնարարել է մինչև տարեվերջ գործուն միջոցներ ձեռնարկել չկատարված ծրագրային գործողություններն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար:

 

Placeholder
ՀՀ Նախագահը դատաիրավական բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել