Քաշաթաղում ՀԷԿ-եր են կառուցվում
Քաղաքական
12:26 25/07/2016

Քաշաթաղում ՀԷԿ-եր են կառուցվում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այցելել է Քաշաթաղի շրջան:  Երկրի ղեկավարը ծանոթացել է Հագարի և Աղավնո գետերի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցման ընթացքին:

Նախագահը Քաշաթաղի շրջանի ջրային պաշարների օգտագործումը համարել է ռազմավարական մեծ կարևորություն ունեցող ծրագիր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ նշելով, որ պետությունն այսուհետ էլ հատուկ ուշադրություն է դարձնելու այդ բնագավառին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, այնուհետև Բակո Սահակյանը Ծիծեռնավանք գյուղում խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի ղեկավարության ու շրջանի հյուսիսային թևի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, քննարկել այնտեղ առկա խնդիրները և զարգացման հեռանկարները: Հատուկ ուշադրություն է դարձվել վերաբնակեցման հարցերին և բերքահավաքի ընթացքին:

Համապատասխան զեկույցով հանդես է եկել Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Placeholder
Քաշաթաղում ՀԷԿ-եր են կառուցվում