Տարոն Տոնոյան. Բժիշկներին պատանդ պահելն անթույլատրելի է
Հասարակություն
13:09 27/07/2016
Հայաստան

Տարոն Տոնոյան. Բժիշկներին պատանդ պահելն անթույլատրելի է

«Ես նման բան չեմ էլ  լսել, դա լուրջ ու մեծ վրդովմունք է առաջացնում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց  «Երևան» բժշկական կենտրոնի տնօրեն, արցախյան պատերազմի մասնակից Տարոն Տոնոյանը՝ անդրադառնալով ՊՊԾ գունդը գրաված զինված անձանց կողմից բժիշկների պատանդ վերցնելուն:

Տոնոյանի գնահատականով, օգնություն ցուցաբերելու համար գնացած բժիշկներին պատանդ վերցնելը անտրամաբանական է, անհասկանալի ու անթույլատրելի:

«Հասկանալի է, որ երկուստեք խնդիրներ կան, երկրում վիճակը վատ է, իշխանությունները հարյուր մեղավորություն ունեն, հազարն էլ ես կարող եմ ասել,  բայց  մեր երկիրը մենք իրավունք չունենք դարձնել Իրաք, ՍԻրիա, Լիբանան: Մենք փոքր երկիր ենք, եթե սկսենք այս ձևով հարցերը կարգավորել, տասը վայրկյանում փուլ կգանք»,-ասաց կենտրոնի տնօրենը:

Պատերազմի մասնակից բժիշկն ասաց, որ «նույնիսկ պատերազմի ժամանակ բժիշկ ռազմագերի չենք ունեցել, եղել են դեպքեր, երբ թուրքի ենք վիրահատել»:

Տ. Տոնոյանը դժվարանում է պատանդ վերցրած զինյալներին որևէ կոչ անել. «Ցավում եմ, բայց այնտեղ էլ են իմ ընկերները: Իրավիճակը բարդ է, այնպես պետք է անեն, որ բժիշկներին բաց թողնեն, թե չէ իրավիճակը դուրս է գալիս տրամաբանության սահմաններից»:

Placeholder
Տարոն Տոնոյան. Բժիշկներին պատանդ պահելն անթույլատրելի է