Իրանի թյուրքալեզու քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Քաղաքական
12:35 27/07/2016

Իրանի թյուրքալեզու քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել

Իրանի Ուրմիա և Թավրիզ քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել,-հաղորդում է պարսկալեզու «Գյունազ.թիվի» կայքը:
 
Տեղեկատվության մեջ նշվում է, որ «Թարհ-է նո» պարբերականն իր հերթական համարներից մեկում Ֆիրդուսու «Շահնամե»-ից մեջբերումներ է հրատարակել, որոնք ըստ աղբյուրի՝ վիրավորում են թուրքերի արժանապատվությունը: 
 
Ըստ աղբյուրի՝ Իրանի անվտանգության ուժերը ցրել են ցույցը, կան շուրջ մեկ տասնյակ ձերբակալվածներ:
 
«Դոյչե Վելլե» լրատվական գործակալության իրանական ծառայության փոխանցմամբ՝ «Թարհ-է նո» պարբերականի խմբագիր Մոհամմադ Ռեզա Ռաբանին ներողություն է խնդրել՝ պարզաբանելով, որ հրատարակման ժամանակ ինքը Թավրիզում չի եղել, և նյութը տպագրվել է առանց իր խմբագրման:
Ռաբանին հավելել է, որ հոդվածը պատրաստած լրագրողն ազատվել է աշխատանքից:
«ԻՌՆԱ»-ի փոխանցմամբ՝ բողոքի ցույցերից մեկ օր առաջ «Թարհ-է նո» պարբերականի գործն ուղարկվել է դատարան:
 
Արևելյան Ատրպատական նահանգում (կենտրոնը՝ Թավրիզ) բնակվում է շուրջ 3 միլիոն 700 հազար մարդ, իսկ Արևմտյան Ատրպատականում (կենտրոնը՝ Ուրմիա) շուրջ 3 միլիոն մարդ:
Placeholder
Իրանի թյուրքալեզու քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել