ԱԺ արտահերթ նստաշրջան  հրավիրելու մասին Փաշինյանի պահանջին դեռևս երկու պատգամավոր է միացել. ՀԺ
Օրվա մամուլ
09:40 28/07/2016

ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին Փաշինյանի պահանջին դեռևս երկու պատգամավոր է միացել. ՀԺ

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ ԱԺ աշխատակազմից ձևաթուղթ է վերցրել և նախաձեռնում է ստորագրահավաք՝ ՊՊԾ գնդում  տեղի ունեցողի շուրջ այսօր ժամը 17։00-ին  ԱԺ արտահերթ նստաշրջան  հրավիրելու մասին։ 

«Ձևաթուղթն այսօր վերցրել եմ, որպեսզի նիստը հրավիրվի, հարկավոր է առնվազն  44 պատգամավոր  ստորագրի այդ ձևաթղթի տակ։ Կոչ եմ անում այն պատգամավորներին, ովքեր պատրաստ են միանալ ատորագրահավաքին, արձագանքեն, մենք կկապվենք  իրենց հետ»,- Խորենացի փողոցում  ասել է Փաշինյանը։ 

Նա նաև հայտնել է, որ որոշման նախագիծ  է ներկայացրել ԱԺ՝ իրավիճակն ուսումնասիրելու և հանգուցալուծում առաջարկելու  հարցով ԱԺ ժամանակավոր  հանձնաժողով  ստեղծելու  մասին։  Փաշինյանի համար անհասկանալի է,  թե ինչպես կարող է նման իրավիճակում  երկրի օրենսդիր  մարմինն արձակուրդում գտնվել։ 

Հարցին ի՞նչ եք կարծում 44 պատգամավոր այս  պահին ՀՀ-ում կգտնվե՞ն, Փաշինյանը պատասխանել «131-ից՝ 44-ը, ոնց էլ չլինի, արդեն վայելած կլինեն հանգիստը։  Ի՞նչ է նշանակում արձակուրդում են, թող հետ գան»։ Այդ պահին արդեն ձևաթղթի տակ ստորագրել էին Փաշինյանը, Թևան Պողոսյանը, իսկ Ալեքսանդր Արզումանյանը հայտնել էր, որ միանում է ստորագրահավաքին։

Placeholder
ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին Փաշինյանի պահանջին դեռևս երկու պատգամավոր է միացել. ՀԺ