Ռոշալ.  Բժիշկներին պատանդ չեն պահել անգամ չեչեն պարագլուխ Բարաեվի կողմնակիցները, մի՞թե նրանից վատն եք
Քաղաքական
11:48 28/07/2016

Ռոշալ. Բժիշկներին պատանդ չեն պահել անգամ չեչեն պարագլուխ Բարաեվի կողմնակիցները, մի՞թե նրանից վատն եք

Անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը «Շանթ» հեռուստաընկերության եթերում խստորեն դատապարտել է «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից իրենց բուժօգնություն տրամադրելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած բժիշկներին պատանդ վերցնելու փաստը՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրանց:

Դիմելով բժիշկներին պատանդ պահող զինյալ խմբին՝ Ռոշալը հիշեցրել է, որ մարդասիրական ամենամեծ առաքելությունը կատարող սպիտակ խալաթով մարդկանց՝ բժիշկներին, պատանդ չեն պահել անգամ չեչեն պարագլուխ Բարաեվի կողմնակիցները:

Նա, որպես իր  ասածի վկայություն, հիշեցրել է «Նորդ-Օստ»-ի ահաբեկչության սարսափելի պահերը:

«Եթե հիշում եք, ես բանակցություններ  էի վարում «Նորդ-Օստ»-ում՝  ահաբեկիչների հետ: Ինձ նույնպես կալանավորել էին այնտեղ 4 ժամով և պարզում  էին, թե ով եմ ես իրականում: Եվ հետո, շնորհիվ լրագրող Մարկ Ֆրանկետտիի, որը եկել էր այդտեղ  ու բացատրեց, թե ով եմ ես, ինձ ազատ արձակեցին: Բայց ինձ թույլ տվին մի քանի անգամ գալ այնտեղ, բերել դեղորայք,   բուժօգնություն ցույց տալ թատրոնի շենքում կալանավորվածներին»,- պատմել է հայտնի մանկաբույժը:

Նա ընդգծել է, որ մի քանի անգամ հանդիպել է նաև անձամբ Բարաեվի հետ, և այժմ մտածում է, որ իրեն նույնպես կարող էին գերի պահել, սակայն նույնիսկ չեչեն ահաբեկիչները, հավանաբար, հասկացել են, որ բժշկի վրա ձեռք բարձրացնելն անթույլատրելի է:

«Եվ այն, որ հիմա գերի են վերցրել բժշկական բրիգադին՝ բժշկին, ֆելդշերին, բուժքույրին, դուրս է պարկեշտության բոլոր սահմաններից: Չէ՞ որ բժիշկները մարտի դաշտում օգնում են ոչ միայն իրենց կողմնակիցներին: Նրանք պարտավոր են օգնել նաև հակառակորդին: Եվ այս դեպքում ես դիմում եմ նրանց, ովքեր գնացել են այս քայլին.  սա ձեզ ոչինչ չի տա ու շատ շատերը երես կթեքեն  ձեզանից, որովհետև  սպիտակ խալաթի հետևում պատսպարվելը  ամենավերջին քայլն է»:

Լեոնիդ Ռոշալը կրկին կոչ է արել զինյալ խմբին՝ անհապաղ բաց թողնել բժիշկներին և իր խոսքը եզրափակել է այսպես. «Մի՞թե դուք Բարաեվից վատն եք»:

Հայտնի վիրաբույժը հիշեցրել է, որ ինքը Հայաստանում վիրահատել է այն փոքրիկներին, որոնք տուժել են սարսափելի երկրաշարժից, արցախյան պատերազմի օրերին նույնպես օգնության է հասել  հայ մանուկներին և կատարել է բազմաթիվ վիրահատություններ: 

«Ես Հայաստանը տեսել եմ լավ ժամանակներում, ես Հայաստանի կողքին էի, երբ այն դժվարության մեջ էր»,-հավելել է նա:

 

Placeholder
Ռոշալ. Բժիշկներին պատանդ չեն պահել անգամ չեչեն պարագլուխ Բարաեվի կողմնակիցները, մի՞թե նրանից վատն եք