Արտաշես Ներսիսյան. «Աշխարհի շատ երկրներ են մրցունակ դարձել ծանրամարտում»
Սպորտ
15:10 29/07/2016

Արտաշես Ներսիսյան. «Աշխարհի շատ երկրներ են մրցունակ դարձել ծանրամարտում»

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում խոսել է թիմի ձեռքբերումների մասին, ինչպես նաև անդրադարձել Օլիմպիական խաղերում մեր երկու ծանրորդների հնարավորություններին:

«Նազիկի ընտրությունն ի սկզբանե արվել էր, համեմատություն եղավ Սոնայի և Քրիստինեի միջև: Իրեն ավելի լավ դրսևորեց Սոնան:

Հավաքականի ձեռքբերումն այս տարվա Եվրոպայի առաջնության թիմային հաղթանակն էր: Սա առաջին անգամն էր, և տա Աստված, որ այն բազմիցս կրկնվի: Մեզ հաջողվեց երկու ոսկե մեդալ նվաճել, ինչն իսկապես մեծ քայլ առաջ էր: Նազիկն այսքան դժվարություններից հետո կարողացավ վերադառնալ և ապացուցեց, որ մեծ կամքի ուժ ունի, իր տեղն ունի մարզաշխարհում:

Հիմա Օլիմպիական խաղերում ինչ էլ անի, որ տեղն էլ գրավի, նա արդեն հերոս է: Սոնային ընձեռնվեց յուրահատուկ հնարավորություն: Նա թիմին օգնեց  Եվրոպայի առաջնությունում՝ վարկանշային միավորներ ձեռք բերելով:

Օլիմպիական խաղերում յուրաքանչյուր պետություն ներկայանում է լավագույն կազմով: Առնվազն 15 մարզիկներ պայքարելու են մեդալների համար: Հիմնական մրցակիցները Չինաստանից, Հյուսիսային Կորեայից, Ռուսաստանից, Ուկրաինայից և նույնիսկ Իսպանիայից են: Աշխարհի շատ երկրներ են մրցունակ դարձել ծանրամարտում: Հիմա արդեն կիլոգրամների ցանկը շատ խիտ է: Խաղերի մեկնարկից առաջ մեր վերջին հավաքն ենք անցկացնում Ռիոյում և վերջին շտկումներն ենք անում»,- ասել է Ներսիսյանը:
 

Placeholder
Արտաշես Ներսիսյան. «Աշխարհի շատ երկրներ են մրցունակ դարձել ծանրամարտում»