Ինչպես են վիրավորվել «Լայֆնյուզ» հեռուստաընկերության օպերատորն ու Ա1+-ի լրագրողը
Հասարակություն
16:21 30/07/2016
Հայաստան

Ինչպես են վիրավորվել «Լայֆնյուզ» հեռուստաընկերության օպերատորն ու Ա1+-ի լրագրողը

Ռուսական «Լայֆնյուզ» հեռուստաընկերության օպերատոր Տիգրան Գասպարյանը նախօրեին Սարի թաղում վիրավորվել է ոստիկանության կիրառած հատուկ միջոցներից: Նա ստացել է ոտքի բեկորային վնասվածք:

Նա  տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այսօր լրագրողների հետ զրույցում պատմեց, թե ինչպես է վիրավորվել.

«Մենք կանգնած էինք ժողովրդի ու ոստիկանների մեջտեղում, մեզ ասացին, որ անցնենք աջ կողմը, քանի որ այնտեղ ավելի անվտանգ է: Մինչև կհասնեինք  իրենց ասած տարածք, պայթուցիկները տրաքեցին: Բեկորային վնասվածք եմ ստացել…Այնպես չէր, որ նպատակադրված մեզ վրա են գցել, ուղղակի պայթել է»:

Վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ է տեղափոխվել նաև Ա1+-ի թղթակից Ռոբերտ Անանյանը:

Նա պայթյունների հետևանքով վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում, ցավից քայլել չի կարողանում:

Լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Անանյանը հույս հայտնեց, որ կարճ ժամանակ հետո կկարողանա քայլել, վերադառնալ աշխատանքի: 

Նրա կարծիքով՝ լրագրողները թիրախավորված են եղել ոստիկանության կողմից, իրենց գործողություններից է այդպես հասկացել:

«Իրենք ուղղորդեցին ինչ-որ տարածք, լրագրողները հենց գնացին իրենց ասած տարածք, առաջին պայթյունները հենց լրագրողների շրջանում եղան: Իմ դիտարկմամբ՝ լրագրողները թիրախավորված էին: Առավել ագրեսիվ էին այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք տեսանկարահանող սարքեր ունեին, երբ  տեսախցիկների լույս էին տեսնում, կարծես թե այդ ուղղությամբ պայթուցիկ էին նետում»,- ասաց Ռոբերտ Անանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Ինչպես են վիրավորվել «Լայֆնյուզ» հեռուստաընկերության օպերատորն ու Ա1+-ի լրագրողը