Նալբանդյան. Հայաստանը կարևորում է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը
Քաղաքական
16:45 01/08/2016
Տարածաշրջան

Նալբանդյան. Հայաստանը կարևորում է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը

Պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանըն այսօր հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Զանելիձեին:

ԱԳն հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Միխեիլ Զանելիձեն նշել է, որ հարևան երկրի արտգործնախարարի այցը Վրաստան նշանակալի իրադարձություն է, ինչը թույլ է տալիս շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի շուրջ:

Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը կարևորում է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր հնարավոր ոլորտներում:

Աղբյուրի փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են  Հայաստան-Վրաստան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Ընդգծվել է առկա ութսունից ավելի համաձայնագրեր ընդգրկող հարուստ իրավապայմանագրային դաշտի կարևորությունը, ինչը հնարավորություն է ընձեռում զարգացնել փոխգործակցությունը տարբեր բնագավառներում: Նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների գերատեսչությունների միջև շարունակվում են ակտիվ փոխայցելություններն ու արդյունավետ համագործակցությունը։

Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկել են  Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, միջազգային կառույցներում համագործակցության, տրանսպորտային փոխադրումների դյուրացման, էներգետիկ փոխգործակցության, մշակութային ոլորտում համագործակցության, ապակենտրոնացված մակարդակով շփումներին առնչվող հարցեր, հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացի խնդիրները։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մշակութային ժառանգության պահպանման շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է  Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն` ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման նպատակով բանակցային գործընթացի առաջ մղմանը:

Հանդիպումից հետո նախարարներ Նալբանդյանը և Ջանելիձեն հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:

Պաշտոնական այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը ծաղկեպսակ է դրել  Թբիլիսիի հերոսների հրապարակում։

 

Placeholder
Նալբանդյան. Հայաստանը կարևորում է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը