Փաստաբան. Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել
Քաղաքական
17:14 02/08/2016
Հայաստան

Փաստաբան. Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել

Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Փաստաբանը Արայիկ Խանդոյանի հետ տեսակցել է մոտ կես ժամ առաջ: Նա պահվում է Վաղարշապատի ՁՊՎ-ում:

«Վիճակը նորմալ է: Այսօր առավոտյան ես պահանջեցի, իրեն տրամադրեցին բժշկական օգնություն: Մինչ այսօր ինքը չէր ցանկանում: Ես մտածեցի, որ վերքը կարող է վտանգավոր լինի, ես պահանջեցի, եկան նորմալ բուժօգնություն ցուցաբերեցին, մի փոքր կաղում է, բայց փառք աստծո, նորմալ է»,-ասաց փաստաբանը:

Պապիկյանն ասաց,  Խանդոյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

«Ինքն ասում է՝ մենք պատանդ չենք ունեցել, ինչ պատանդի մասին է խոսքը»,-ասաց նա:

Հիշեցնենք, ոստիկանության ՊՊԾ գունդը հուլիսին գրաված զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը հասարակությանն առավել հայտնի է «Միայնակ գայլ» անունով: Նա ձերբակալված է: Ձերբակալման 72 ժամն ավարտվում է վաղը երեկոյան, ինչից հետո նրա նկատմամբ պետք է խափանման միջոց ընտրվի:

Արայիկ Խանդոյանը ոտքի շրջանում վնասվածք էր ստացել հուլիսի 29-ին:


Քրեական օրենսգրքի  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը սահմանում է, որ կազմակերպված խմբի կողմից անձին պատանդ պահելը պատժվում են ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
 

Placeholder
Փաստաբան. Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել