Human Rights Watch-ը՝ ոստիկանության գործողությունների մասին
Քաղաքական
11:37 02/08/2016
Հայաստան

Human Rights Watch-ը՝ ոստիկանության գործողությունների մասին

«Հուլիսի 29-ին Հայաստանի ոստիկանությունն անհամաչափ ուժ կիրառեց  խաղաղ ցուցարարների նկատմամբ, հարձակվեց բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների վրա»: Այսպես է գնահատում Սարի թաղում  տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանության գործողությունները Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Ըստ կառույցի պաշտոնական էջում  հրապարակված հաղորդագրության, ոստիկանությունն օգտագործել է խլացուցիչ նռնակներ, ինչի հետևանքով մի քանի տասնյակ ցուցարարներ և մի քանի լրագրողներ վնասվածքներ են ստացել, նրանցից մի քանիսը՝ ծանր: Ոստիկանությունը ուժ է կիրառել լրագրողների ու ցուցարարների նկատմամբ, ձերբակալել մի քանի տասնյակ մարդկանց: Հայաստանյան իշխանությունները ոստիկանության՝ հուլիսի 29-ի գործողությունների վերաբերյալ քննություն են սկսել:

«Ցուցարարների վրա ոստիկանության հարձակումների վերաբերյալ քննությունը պետք է լինի մանրակրկիտ ու արագ: Ոստիկանությունը պարտավոր էր ապահովել հասարակական կարգը, նրանքն իրավունք չունեին քարտ բլանշ ցույց տալ իրենց տեսակետներն արտահայտելու նպատակով անցկացվող խաղաղ հավաքի մասնակիցներին»,-ասել է Human Rights Watch կազմակերպության Հարավային Կովկասի տնօրեն Գեորգի Գոգիան:

Կազմակերպությունը խոսել է բռնությունների զոհերի և ականատեսների հետ:  Նրանցից մի քանիսը պատմել են, որ ուշ երեկոյան՝ ժամը 23-ի սահմաններում ոստիկանները ձեռքի և խլացուցիչ նռնակներ են նետել խաղաղ հավաքի մասնակիցների ուղղությամբ, որոնք թանձր ծուխ, բարձր ձայն են արձակել: Դրանց հետևանքով մի քանիսն այրվածնքեր են ստացել, շատերը ոտքերի շրջանում վնասվածքներ:

Գեորգի Գոգիան ընդգծել է. «Ոստիկանությունը չպետք է միջամտի իրենց օրինական աշխատանքն իրականացնող լրագրողներին, նրանք չպետք է հարձակման ենթարկվեն ու պատժվեն միայն այն բանի համար, որ իրենց գործն են անում»:

Կազմակերպությունը հիշեցնում է, որ կառավարությունները պարտավոր են հարգել մարդու հիմնարար իրավունքները ոստիկանության գործողությունների ընթացքում, ինչպես օրինական, այնպես էլ՝ անօրինական հավաքները ցրելիս: ՄԻԵԴ-ը նաև սահմանել է, որ կառավարությունները պետք է ցուցաբերեն մեծ հանդուրժողականություն խաղաղ հավաքների նկատմամբ, եթե նույնիսկ դրանք արտոնված չեն կամ անօրինական են:

Անզեն ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառումը՝ այդ թվում ձեռքերվ, ոտքերով, փայտե մահակներով հարվածելը,  չի կարող ուժիր օրինական կիրառում համարվել, դրանք  նաև անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների արգելքի խախտում են:

Ավելի մանրամասն՝  կառույցի պաշտոնական կայքէջում։

Placeholder
Human Rights Watch-ը՝ ոստիկանության գործողությունների մասին