Հադրութում հացահատիկի համախառն բերքի ծավալը գերազանցում է վերջին 8 տարվա ցուցանիշները
Տնտեսություն
12:11 03/08/2016
ԼՂՀ

Հադրութում հացահատիկի համախառն բերքի ծավալը գերազանցում է վերջին 8 տարվա ցուցանիշները

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 2-ին այցելել է Հադրութի շրջան:

Տող գյուղի մոտակայքում երկրի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել Հադրութի շրջվարչակազմի և համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված 2016 թվականի հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահը գոհունակությամբ նշել է, որ այս տարի շրջանում հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքի ծավալը գերազանցում է վերջին 8 տարվա ցուցանիշները:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ՝ հավելելով, որ շրջանում առկա են բավարար պայմաններ հետևողականորեն բարձրացնելու և՛ համախառն բերքի, և՛ բերքատվության ցուցանիշները:

Նույն օրը Նախագահն այցելել է «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից կազմակերպված «Հայրենիք» երիտասարդական ճամբար, հանդիպել երիտասարդների հետ և ջերմ ու անմիջական մթնոլորտում զրույց ունեցել տարբեր թեմաների շուրջ: Երկրի ղեկավարը կարևորել է նման ճամբարների նշանակությունը երիտասարդների հայեցի դաստիարակության և հայրենիքը ճանաչելու տեսանկյուններից:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Placeholder
Հադրութում հացահատիկի համախառն բերքի ծավալը գերազանցում է վերջին 8 տարվա ցուցանիշները